Մայրաքաղաքում երեկվանից գործարկված Պարեկային ծառայությունը լիովին նոր բնույթի ոստիկանություն է՝ գործադիրի նիստն այս իրադարձության քննարկմամբ սկսեց վարչապետի պաշտոնակատարը: Ճանապարհային ու պարեկապահակետային ոստիկանության հիմնական գործառույթները միավորած ստորաբաժանումը երթևեկության անվտանգության, հասարակական կանգուկանոնի պահպանումից բացի նաև հանցագործության կանխարգելման լիազորություն ունի: 698 պարեկի մեծ մասն էլ առաջին անգամ է համակարգում:
Ոստիկանության համակարգում այս բարեփոխումը սկսվել էր դեռ 2019-ից՝ հիշեցրեց Փաշինյանը: Ասաց՝ թերահավատներ կային, բայց կառավարությունը հետևողական եղավ, ծառայությունը ձևավորվեց: Ու թեև կորոնավիրուսի պատճառով մատակարարումների հարցում որոշ խնդիրներ են առաջացել, վարչապետի պաշտոնակատարը նկատեց՝ խանգարող հանգամանքները չեն ազդում, եթե կա քաղաքական կամք:
Ծառայության ներդրման գործընթացը շարունակվելու է, մարզերից առաջինը Շիրակում ու Լոռիում են շուտով սկսվելու անձնակազմի ընդունելության քննությունները:
Քննարկման հաջորդ թեման՝ կորոնավիրուսային իրավիճակն էր: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը վերջին տվյալները զեկուցեց՝ 5093 թեստից դրական է եղել 186-ը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վարակման դեպքերը մի փոքր աճը նորից կարմիր լույս է վառում, հիշեցնում պատվաստման կարևորության մասին: Այստեղ էլ, ըստ ոլորտի ղեկավարի, աճի միտում կա:
Տեմպը պետք է պահպանվի ու մեկ օրվա կտրվածքով պատվաստման այդ ռեկորդային ցուցանիշը, որ երեկ գրանցվեց, պետք է չնվազի՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանը մեջբերեց դռնփակ խորհրդակցությունների մեկի ժամանակ Տիգրան Ավինյանի արտահայտած միտքն ու փորձեց այդ օրինակով ցույց տալ, թե որքան կարևոր է պատվաստվելը:
Թագավարակի դեմ պատվաստանյութերից Հայաստանում հիմա կա երեքը՝ եվրոպական Աստրազենեկան, չինական կորոնավակն ու ռուսական Սպուտնիկ ՎԻ-ն: Դրանք բոլորն էլ հասանելի են, ընտրությունն ազատ է՝ սա էլ հիշեցրեց Անահիտ Ավանեսյանը, շեշտեց՝ աշխատում են այլ տեսակի պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ: Վարչապետի պաշտոնակատարն էլ հանձնարարեց ուշադիր լինել՝ պոլիկլինականերում կազմակերպել սոցիալական հեռավորության պահպանումը, որ պատվաստման գնացած քաղաքացին հերթի մեջ քովիդով չվարակվի:
Անցնելով օրակարգին. գործադիրն այսօր բյուջեից վերաբաշխում արեց ու համաձայնություն տվեց դատական համակարգում նոր հաստիքներ ավելացնելուն: Խոսքը՝ մինչդատական քրեական վարույթին վերաբերող գործերը քննող առանձին դատավորներ ունենալու մասին է:
Նոր 20 դատավորները կանցնեն բարեվարքության ստուգում, գրավոր քննություն կտան ԲԴԽ-ում, ապա դասընթացներ՝ արդարադատության ակադեմիայում: Սա էլ դատական համակարգի բովանդակային բարեփոխումներից է՝ շեշտեց Փաշինյանը:
Մեկ այլ նախագծով էլ կառավարությունը բյուջեից 335 միլիոն դրամ հատկացրեց Կրթության նախարարությանը: Գումարը կուղղվի, որ պատերազնում զոհվածների, վիրավորվածների, նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները 20 օր անցկացնեն մանկական ճամբարներում: Շահառուներն այս պահին 3200-ն են՝ 7-13 տարեկաններ: Զեկուցման ընթացքում Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց՝ ամառային օլիմպիադային պատրաստվող հայ ծանրորդների համար նախատեսված ծանրաձողներն արդեն ճանապարհին են, մինչև կիրակի կլինեն Հայաստանում:
Կարևոր է, որ մենք երեկ ունեցանք մեկ օրվա պատվաստման մեզ համար ռեկորդային ցուցանիշ․ Նիկոլ Փաշինյան
Դիտումներ18













