ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին և վերսկսել բանակցային գործընթացը

ՍՍոնա Աղբալյան

ԵԱՀԿ նախագահող Անն Լինդեն չի կարծում, թե ԵԱՀԿ-ն ոչինչ չի արել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում: Հայ լրագրողի այդ հարցը հնչել է Անն Լինդեի և և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի համատեղ ասուլիսի ընթացքում:

Անն Լինդե, ԵԱՀԿ նախագահող, Շվեդիայի ԱԳ նախարար - Ամենևին համաձայն չեմ, թե ԵԱՀԿ-ն բավարար ջանքեր չի ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ աշխատում է: Նրա հետ երեկ եմ անձամբ հանդիպել, որ քննարկենք իրավիճակը: Կա նաև Մինսկի խմբի համանախագահությունը, որ շատ դրական քայլեր է անում, որը, սակայն, անցյալ տարի սահմանափակ հնարավորություն է ունեցել այցելել տարածաշրջան՝ նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ողջունելի էր 15 գերիների վերադարձը, ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը: Այդ հարցում բարձր եմ գնահատում նաև Վրաստանի, ԱՄՆ-ի, Եվրախորհրդի նախագահի և շվեդական նախագահության համատեղ աշխատելու ջանքերը: Դրանք վստահության ամրապնդման միջոցառումներ էին: Ես հորդորել եմ Հայաստանին և Ադրբեջանին ամրապնդել վստահությունը՝ ազատ արձակելով բոլոր գերիներին և սկսելով բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո և իմ անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի միջնորդությամբ՝ գտնելու քաղաքական լուծումը, քանի որ դեռ չկա խաղաղության համաձայնագիր:

ԵԱՀԿ գործող նախագահը կարծում է, որ հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ցավերը մեղմող և հաշտության համար ամուր հիմք ունեցող միջավայր: Տարածաշրջաններում խաղաղության հաստատման համար երկխոսություն է անհրաժեշտ: Ավելի ուշ Անն Լինդեն Թվիթերում Շվեդիայի անունից պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումներում:

Անն Լինդե - Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթանակի կապակցությամբ: Միանգամայն կարևոր է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ժամանակ: Ակնկալում եմ շարունակել գործակցությունը ՀՀ կառավարության հետ: Հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներում: Շվեդիան պատրաստ է աջակցելու Հայաստանին:

Շվեդիան խոստանում է ուշադրությամբ հետևել տարածաշրջանային զարգացումներին ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում