Եվրամիությունը մերժել է Ռուսաստանի հետ գագաթնաժողով անցկացնելու Մերկելի առաջարկը

ՍՍոնա Աղբալյան

Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողով չի լինի: Երկար քննարկումից հետո Եվրամիության ղեկավարներին չհաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հարցում: Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրները մերժել են այդ առաջարկը՝ մտավախությամբ, որ դա սխալ ուղերձ կլինի:

Փոխարենը եվրոպացի առաջնորդները հայտարարություն են տարածել, որում նշել են. «կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերն ու պայմանները»՝ չհիշատակելով բարձր մակարդակի հանդիպումների հնարավորությունը:

Անգելա Մերկել (Գերմանիայի կանցլեր) - Շատ մանրամասն և ոչ դյուրին քննարկում էր այն մասին, թե ինչ պայմաններ են պետք գործակցության համար: Մենք քննարկեցինք դրանք, բայց հնարավոր չեղավ համաձայնել բարձր մակարդակի հանդիպումների համար, բայց կարևոր է, որ երկխոսության ձևաչափը պահպանվեց, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Անձամբ ես ավելի լուրջ քայլ էի ուզում տեսնել, բայց առայժմ սա էլ վատ չէ:

Պուտինի հետ ԵՄ գագաթնաժողով անցկացնելու գաղափարն առաջ էր քաշել հենց Գերմանիան, որին իր աջակցությունն էր հայտնել Ֆրանսիան: Հանդիպումը կլիներ առաջինը 2014 թվականի հունվարից ի վեր: «Մենք չենք կարող շարունակել առանց երկխոսության»,- ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Մենք պետք է խոսենք, այդ թվում` մեր տարաձայնությունների մասին: Երկխոսությունն է դրանց լուծման միակ միջոցը: Դա անհրաժեշտ է ողջ եվրոպական մայրցամաքի կայունության համար:

Եվրամիության և աշխարհի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին երեկ Մոսկովյան անվտանգության միջազգային 9-րդ համաժողովի ընթացքում խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ներկայացրեց ռուսական մոտեցումը. պատրաստ են գործակցության, բայց ոչ նախապայմաններով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում