Գեղարքունիքի մարզում տեղակայվելու են ռուս սահմանապահներ. Արտակ Դավթյան
Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ բանակցությունները երկրորդ կողմի հետ դեռ շարունակվում են: Վերջնական համաձայնություն այս պահին չկա, սակայն սահմանին ռուս զինվորականների տեղակայումը Հայաստանի գլխավոր շտաբի պետի մոտ կասկած չի հարուցում:
Արտակ Դավթյան (ՀՀ ԳՇ պետ) - Բանակցություններն ընթանում են: Լինելու է այնպես, ինչպես նշեցիք, բայց վերջնական երբ կլինի ժամկետի առումով, կասվի: Մենք մեր տարածքում ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք: Բայց մեր տարածքում:
Արտակ Դավթյանի խոսքով՝ այժմ քննարկվում է միայն ռուս զինվորականների տեղակայման հավանականությունը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասել էր, որ առաջիկա օրերին սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ կքաշվեն սահմանագծից։
Եթե դա տեղի ունենա, փաստացի իրականություն կդառնա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մայիսի 27-ի առաջարկը: Դիմելով Միջազգային հանրությանը՝ Փաշինյանը սահմանային լարվածությունը թոթափելու համար առաջարկել էր այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել: Ենթադրվում է, որ դրանից հետո կմեկնարկի սահմանազատման գործընթացը:
Եթե բանակցություններն արդյունք չտան, բանակը պատրաստ է այլ ճանապարհով լուծել հարցը, չնայած դա ցանկալի չէ, ասաց Դավթյանը:
Արտակ Դավթյան ( ՀՀ ԳՇ պետ) - Բանակը պատրաստ է ուժային տարբերակով լուծել խնդիրը: Սակայն դա ցանկալի տարբերակ չէ, նկատի ունենալով:
Պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողով է ստեղծվել՝ 44-օրյա պատերազմում պարտության պատճառներն ուսումնասիրելու համար: Մեծ թվով քրեական գործեր կան դասալքության և այլ հոդվածներով: Ինչ վերաբերում է պատերազմի որոշ խնդրահարույց դրվագների, օրինակ, Շուշիի և Հադրութի անկման հանգամանքները պարզելուն, ապա, ըստ Դավթյանի, դա ավելի շատ ժամանակ է պահանջում:
Արտակ Դավթյան (ՀՀ ԳՇ պետ) - Մենք ուսումնասիրություն անում ենք, ես չեմ կարծում, որ կարճ ժամկետում պատասխան տանք: յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կանգնած են մարդիկ: Մենք Նպատակ ենք դրել դասեր քաղել:
Դավթյանը նաև նշեց, որ տեղյակ չէ Սամվել Բաբայանին Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակելու հավանական որոշման մասին:













