Կարճ ժամանակում լավ կազմակերպված ընտրություն. միջազգային դիտորդների գնահատականը

ԱԱրևիկ Աբելյան

Կարճ ժամանակում լավ կազմակերպված էին․ միջազգային դիտորդական առաքելության գնահատականն է Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը:

Քարի Հենրիկսեն, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար - Ընտրողներին տրվել է ընտրության լայն հնարավորություն: Ընդհանուր առմամբ՝ հարգվել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մրցակիցները կարողացել են ընտրարշավը կազմակերպել հավասար պայմաններում:

Հենրիկսենի պատվիրակության կազմում 73 դիտորդ է 24 երկրից, բոլորի կարծիքը, մեծ մասամբ, դրական: Թերացումներից առանձնացնում են՝ շատ տեղամասեր հարմարեցված չեն եղել հաշմանդամություն ունեցող անձնաց համար, կին թեկնածուներ կային, բայց բավարար ակտիվ չէին:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին նշում է՝ փորձագիտական թիմն աշխատանքն սկսել է 1 ամիս առաջ, երկրի տարբեր տարածքներում են եղել, ուսումնասիրել են նաև նախընտրական ամբողջ գործընթացը, դեռ մնալու են Հայաստանում՝ հետընտրական զարգացումներին հետևելու համար:

Օուեն Մըրֆի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար - Երբեք մեզ համար որևէ խոչընդոտ չի առաջացել, իշխանությունը մեզ հետ բաց, թափանցիկ կերպով համագործակցել է, բոլոր կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների հետ բոլոր տիրույթներում պրոֆեսիոնալ մոտեցման ենք հանդիպել:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջորջ Կատրուգալոսը, որ Հունաստանից է, մինչև քարոզարշավին ու ընտրությանը դիտորդական գնահատական տալը՝ նախ սրտի խոսքն է ուղղում հայերին:

Ջորջ Կատրուգալոս, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար - Ես պետք է եղբայրական համերաշխություն հայտնեմ Հունաստանի ժողովրդի կողմից Հայաստանի ժողովրդին՝ այս բարդ ժամանակահատվածում: Մենք ձեզ հետ ենք:

Հետո արդեն դիտորդական գնահատական է տալիս՝ բևեռացումը սուր էր, բայց ընթացքը՝ ժողովրդավարական:

Ջորջ Կատրուգալոս - Ընտրությունը կազմակերպվել է առանց որևէ կերպ խափանելու դրա ժողովրդավարական բնույթը, ոչ միայն ընտրության օրը, այլև քարոզարշավին: Որոշ տեղամասեր եղել են ծանրաբեռնված, այլ խնդիրներ ևս արձանագրել ենք, բայց դրանք ժողովրդավարական կարգը կասկածի տակ չեն դնում:

Հոսաքազրկումների մասին լրագրողների հարցին նշեցին՝ արձանագրել են փաստերը, բայց դա հաշվարկի ընթացքի վրա չի ազդել:

Ջորջ Կատրուգալոս - Չնայած այս բավականին բևեռացված քաղաքական միջավայրին, մենք ամբողջությամբ ընդունում ենք ընտրությունների արդյունքները:

Դիտորդները նաև արձանագրել են՝ Հայաստանում մեդիա միջավայրը բազմազան է, թեև շատ հեռարձակողներ ունեն վառ արտահայտված քաղաքական պատկանելիություն: Հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության առաջնային աղբյուրն է, շատ կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը:

Լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ խոշոր հեռարձակողները նկատելի ջանքեր են գործադրել ընտրություններին մասնակցող մրցակիցների լայն շրջանակ լուսաբանելու ուղղությամբ` նպաստելով ընտրողներին իրազեկված ընտրություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմանը:

Հանրային հեռուստաընկերությունը մրցակիցների համար ապահովել է հիմնականում հավասարակշռված լուսաբանում: Այնուամենայնիվ, ալիքը վարկաբեկիչ խոսքի պատճառով խմբագրել է մի ընդդիմադիր կուսակցության գովազդային հոլովակը: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը նշում է՝ վերջնական հաշվետվությունը դեռ մշակելու են, նաև հորդորում.

Ջորջ Կատրուգալոս - Հետընտրական ժամանակաշրջանում ընտրությունների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել՝ որպես ի վերուստ տրված, և սա ցանկացած կողմ պետք է դիտարկի որպես մեկ քայլ առաջ և շանս՝ հաջորդ ընտրություններին մասնակցելու համար:

Որպես կանոն՝ համեմատություններ չեն անում, բայց լրագրողների հարցին ի պատասխան՝ նշեցին՝ 2018 թվականի համեմատ այս ընտրություններում կային բարելավումներ: Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունն, ընդհանուր առմամբ, ներկայացրել են 37 երկրից 341 դիտորդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում