Իրավապաշտպանների ու տեղական դիտորդների գնահատականը՝ ԱԺ արտահերթ ընտրություններին

ԱԱրսեն Մկրտչյան

Հանցագործության մասին հաղորդումների ծանրակշիռ մասը վերաբերել է «Հայաստան» դաշինքին: Վիճակագրությունը ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգողը: Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ «Անկախ դիտորդ» առաքելության 700 դիտորդ մոտ 200 ընտրական տեղամասում հետևել է ընտրության ընթացքին:

Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող) - Լուրջ ընտրախախտումները 52-ն էին, դրանցից 9-ի մասով ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, 1-ի մասով՝ վարչական բողոք, ևս 21 հանցագործության մասին հաղորդում ներկայացվել է նախընտրական քարոզարշավի փուլում:

Ըստ դիտարկումների՝ 4 ընտրատեղամասի ցուցակներում եղել են անհամապատասխանություններ՝ նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը: Արթուր Սաքունցի խոսքով՝ դիտորդական առաքելությունը վերահաշվարկի պահանջով պատրաստվում է դիմել տարածքային ընտրական հանձնաժողով:

Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - Քվեարկությունը գերազանցապես անցավ հանգիստ մթնոլորտում, քաղաքակիրթ մթնոլորտում: Դա վկայությունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքակիրթ և ժողովրդավարական արժեքները կարևորելու:

Համակարգային այն խնդիրները, որոնք հեղափոխությունից հետո չլուծվեցին, ցայտուն կերպով երևացին այս ընտրությունների ժամանակ՝ դատական համակարգից մինչև ոստիկանություն՝ բացթողումներն է ներկայացնում Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունց - Մենք խնդիր ունենք ընտրական վարչարարության առումով, ընտրական հանձնաժողովների անդամները պետք է պատշաճ պատրաստված լինեն, առանձին միջադեպերը պայմանավորված են այն հանգամանքով, որ հանձնաժողովը չի տիրապետում իրավիճակին:

Քվեարկության ավարտից անմիջապես հետո դիտորդություն է իրականացվել 38 տարածքային ընտրական հանձնաժողովում:

«Անկախ դիտորդ» առաքելությունը ընտրատեղամասերում հետևել է նաև 1500 տեսախցիկի աշխատանքին: Իոաննիսյանի խոսքով՝ բարձրացել է նաև քաղաքացիների իրավագիտակցությունը, շատերն անձամբ են ահազանգել, խնդրել արձանագրել խախտումներ:

Սա մեծ ձեռքբերում է»,- շեշտում է Իոաննիսյանը: 

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները վստահեցրին՝ հետևելու են հարուցված գործերի ընթացքին, որ մեղավորները պատժվեն, հետագայում էլ նման դեպքերը բացառվեն:

Հեղինակ՝ էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում