«Զարթոնքի» հայցն ընդդեմ ԿԸՀ-ի՝ ՔՊ-ի գործով

ԱԱննա Ավետիսյան

Երևանի վարչական դատարանում կոլեգիալ՝ 5 դատավորով, այսօր քննվեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձանժողովի: Հայցադիմումով խնդրում են պարտադրել ԿԸՀ-ին ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմել դատարան:

Արա Զոհրաբյան («Զարթոնք» ԱՔԿ-ի 1-ին համար) - Եթե մենք դիտարկենք ԿԸՀ-ի պատճառաբանությունը, ապա այն սահմանափակում է իր իսկ լիազարությունը, իսկ մենք լավ գիտենք, որ լիազորությունը, բացի իրավունքից, նաև պարտականություն ու պատասխանատվություն է նախատեսում: Ստացվում է՝ ԿԸՀ-ն ասում է, որ ես միայն քննելու եմ նախընտրական քարոզչությանը վերաբորող ընթացակարգերը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչները պնդում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում պարբերաբար բռնության և ատելության կոչեր են հնչել, ինչը խախտում է ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան:

Սիմոն Բաբայան (հայցվոր կողմի ներկայացուցիչ) - «Ճակատից շարեմ». կասեք՝ բռնությո՞ւն է, նույն օրը՝ «հանկարծ չփորձեք թպրտալ, ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանն առարկեց հակափաստարկներով՝ նկատելով, որ Փաշինյանի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվում:

Տիգրան Նաղդալյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ) - Օրինակ՝ նույն ելույթի ժամանակ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «հանկարծ չփորձեք թպրտալ», ասել է նաև, որ իր խոսքը կոնտեքստից չկտրվի, և խոսքը ֆիզիկական հաշվեհարդարների մասին չէ: Ուսումնասիրելով խոսքը՝ հասկանալի է, որ դիմում է անձանց, որոնք փորձ կկատարեն ընտրությունների վրա ապօրինի ազդեցություն ունենալ:

ԿԸՀ-ն մինչև այս մերժել էր «Զարթոնքի» դիմումը՝ պատճառաբանելով, որ քարոզչության բովանդակությանը միջամտել չի կարող։ ԿԸՀ ներկայացուցիչ Լիլիա Հակոբյանն էլ շեշտեց՝ հայցի դեմ առարկում են՝ քանի որ այն անհիմն է: Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ն վարչական վարույթ է հարուցել ու քննել դիմումը:

Լիլիա Հակոբյան (ԿԸՀ ներկայացուցիչ) - Հիմք ընդունելով ԸՕ-ն՝ ԿԸՀ-ն որոշել է, որ կարող է դիմել դատարան, եթե առկա են հետևյալ 3 պայմանները: Առաջին՝ առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում, 2-րդ՝ այդ խախտումը շարունակական բնույթի է և կարող է ազդեցություն ունենալ ընտրութունների արդյունքների վրա, 3-րդ՝ խախտումն այնպիսին է, որ հետևանքները հնարավոր չէ վերացնել ու կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Դատարանը ուսումնասիրեց ապացույցները, վճիռը կհրապարակի այսօր՝ ժամը 22:00-ին:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում