Ջերմուկի դիրքերում ինժեներական աշխատանքներ են ընթանում

ՀՀովհաննես Վարդանյան

Հայաստանի հարավային հատվածում ենք։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Քարվաճառը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ, այս հատվածը դարձավ սահմանային, առաջնագիծը երկարեց մի քանի անգամ։ Հիմա այստեղ ակտիվ ինժեներական աշխատանքներ են։ Կառուցվում են միջդիրքային ճանապարհներ և կահավորվում խրամատներ ու խրամաբջիջներ։ 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր զորամասն ու զորամասի հրամանատարը՝ գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը, օր ու գիշեր Ջերմուկի սարերում ու ձորերում զրոյից առաջնագիծն են ամրացնում: Մոտ երկու ամիս առաջ այստեղ ձյուն էր, տեխնիկան հասցնել պարզապես հնարավոր չէր,- վստահեցնում է հրամանատարը:

Գեղամ Մարտիրոսյան (զորամասի հրամանատար, գնդապետ) - Այն հատվածներում, որտեղ հնարավոր է ինժեներական տեխնիկայի օգնությամբ կատարել աշխատանք, առաջնահերթ կատարում ենք տեխնիկայի միջոցով, որից հետո անձնակազմի ուժերով լրակահավորման աշխատանքներ: Ժամանակ չեմ կարող նշել՝ երբ կավարտենք, բայց կարող եմ հավաստիացնել, որ ամբողջ ռեսուրսը ներդրվել է, որ աշխատանքը պատշաճ մակարդակով կատարվի, դիրքերը կահավորվեն, և անձնակազմի պաշտպանվածությունը հասցվի առավելագույն մակարդակի: 

Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը, հատելով պետական սահմանը, մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Այդ թվում՝ առաջնագծի հարավային հատված: Թշնամական զորքերը մինչև օրս հետ չեն քաշվել, դիրքավորվել, բայց խրամատ չեն փորում: Զորամիավորման հրամանատարի տեղակալը վստահեցնում է՝ իրավիճակը սահմանին վերահսկելի է, կրակոցներ չկան, հիմա թե՛ թշնամու առաջ եկած հատվածներում, թե՛ Ջերմուկի դիրքերում բարդ տեղանքին են հարմարվում, հաստատվում նոր բնագծում:

Հայկ Պետրոսյան (զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ) - Ջերմուկն իր ռելիեֆով հատվածում չի տարբերվում գրեթե Քարվաճառի բնակլիմայական պայմաններից: Ջերմուկի հատվածում ավելի մենք բարդ բնակլիմայական պայմանների ենք առնչվում մասնավորապես ձմեռային շրջանում, քան երբևէ Քարվաճառի որոշ հատվածներում: 

Մարտական հարթապահության տղաները դժվարությամբ են նոյեմբերի 25-ին Քարվաճառի առաջնագիծը թողել, Ջերմուկի դիրքեր տեղափոխվել: Տեղանքից, սառը քամուց չեն նեղվում: Դիրքապահ Վաչագանը հիմա նույն ոգով ու ուժով է հսկում սահմանի իրեն վստահված հատվածը:

Վաչագան Թումանյան (պայմանագրային զինծառայող) - Պիտի ոչ մի բան չափսոսանք մեր բանակին: Մեր բանակին զենք, մարդիկ, զինվորներ՝ ամեն ինչ պետք են: Պիտի ես էլ, դու էլ՝ ես ծառայող, իմ մասով մտածեմ բանակի մասին, դու լրագրող ես՝ քո մասով մտածես: 

Հայկական զինուժը քաղաքական ուժերին, պահեստազորի սպաներին ու ռազմական փորձագետի անվան տակ ներկայացողներին հորդորում է՝ բանակի անունը որևէ առումով չշահարկել, մարտունակությունը կասկածի տակ չդնել: Ըստ գնդապետ Պետրոսյանի՝ այն հարվածում է պետության անվտանգությանն ու առաջնագծում կանգնած զինվորին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում