«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդից

ԳԳոհար Սիմոնյան

Հայաստանում իշխանություն դառնալու հայտ ներկայացրած «Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդից: Տեղը խորհրդանշական են համարում՝ ազատականների մի քանի սերունդ հենց այստեղ է երդվել կյանքը նվիրել Հայաստանի անկախության գաղափարին:

Պարույր Հայրիկյան («Ազատ Հայրենիք» դաշինքի անդամ) - Հաջողությունը կարող է ուղեկցել մեզ համազգային համախմբմամբ: Մեր դաշինքում ընդգրկված կուսակցություններն ակնկալում են այսօր ընտրություններից դուրս մնացած և, ընդհանրապես, ազգի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիների աջակցությունը:

Դաշինքում 5 կուսակցություն է, ընտրաթերթիկում 13-րդ համարն են: Վարչապետի թեկնածուն «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյան է, ներկայացնում է դաշինքի ծրագիրը՝ անվտանգության վերականգնում, անկախ արտաքին քաղաքանություն, Արցախի ճանաչում:

Անդրիաս Ղուկասյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք)
Տնտեսության կայուն զարգացում, բացարձակ ժողովրդավարության հաստատում, համայն հայության ուժերի համախմբում, հոգևոր անվտանգության ապահովում, հարկային բեռի նվազեցում, ժամանակակից ու արդյունավետ կրթության ներդրում ու գիտության զարգացում, բոլորի համար հասանելի առողջապահական համակարգի ներդրում:

Ծրագրում ամփոփված է այն տեսլականը, որն «Ազատ Հայաստանի» համար տեսնում են դաշինքի անդամները: Վստահ են՝ ներուժ ունեն իրականացնելու այս գաղափարները:

Հայաստանի Կանաչների կուսակցությունն էլ կարևորում է մտավորականների դերը:

Գևորգ Արզումանյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք) - 88 թվականի շարժումը բերեց նոր ավյուն, մտավորականներ մտան շարժման մեջ, փորձեցին նոր շարժում սկսել, գլխավորել: Կարծես թե հաջողվեց՝ և՛ հաղթեցին, և՛ հիմքեր դրվեց պետականության:

Արշակ Սադոյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք) - Այս երկրում էլ չի լինի կեղծիք ու խաբեություն, եթե մենք գանք իշխանության, դրա համար մեր կարգախոսի առաջին խոսքը ազնվությունն է:

13-րդ քվեաթերթիկը լինելու է բեկումնային որոշում. եթե քաղաքացիները դեմ են Արցախի հայաթափմանը, ուրեմն ձայնը պետք է իրենց ուժին տան՝ հայտարարեցին դաշինքի անդամները:

Խաչիկ Մանուկյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» դաշինք) - Ես այստեղ եմ, որովհետև այստեղ է հաղթությունը, որովհետև այստեղ է այն ուժը, որը կարող է մահաբեր թմբիրից դուրս բերել մեր ժողովրդին:

«Ազատ Հայրենիք» դաշիքի անդամները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ. քարոզարշավը կշարունակեն մարզերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում