«Հայաստան» դաշինքը քարոզարշավն սկսել է Սյունիքում

ԱԱրթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Հայաստանի հարավից՝ Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան: Ընտրողների հետ շփվելու հիմնական ձևաչափը հանդիպումներն ու հանրահավաքներն են: Ագարակում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ որպես մեկնարկային կետ Սյունիքի ընտրությունը պատահական չէր, հենց այստեղ են առավել նկատելի երկրի անվտանգային խնդիրները:

Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու - Այսօր սահմաններն անպաշտպան են: Այսօր բանակի ողնաշարը ջարդված է: Այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ:

«Հայաստան» դաշինքը կողմ է տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը՝ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Սակայն երկրորդ նախագահը մտահոգված է Ադրբեջանի կողմից շրջանառվող «միջանցք» բառով, քանի որ այդ երևույթը կարող է սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը և նոր անվտանգային խնդիրների հանգեցնել:

Ռոբերտ Քոչարյան - Ես գիտեմ, թե ինչ է Ադրբեջանը հասկանում միջանցք ասելիս: Ես գիտեմ, թե ինչ է Թուրքիան հասկանում միջանցքի տակ:

Արցախի անկախության ճանաչումն իր կառավարման տարիներին կնշանակեր պատերազմ հրահրել՝ նշեց Քոչարյանը: Հայտարարեց՝ եթե 2018 թվականին իշխանափոխություն տեղի չունենար, պատերազմ չէր լինի:

Ռոբերտ Քոչարյան - Ես վստահ եմ, որ եթե այս մարդիկ չգային իշխանության, մենք դեռ մի 30 տարի հմուտ բանակցությունների տեղ ունեցել ենք:

Հանքարդյունաբերության պատճառով գուցե սյունեցիներն իրենց վրա չեն զգում, բայց երկրում տնտեսական վիճակը գահավիժում է՝ հայտարարեց Քոչարյանը: Կա գործազրկության և աղքատության աճ, իսկ որպես դրանց հետևանք՝ նաև արտագաղթ: Քվեն ստանալու պարագայում պատրաստ են փոխել իրողությունը՝ վստահեցրեց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյան - Մենք ունեցել ենք 10 տոկոս տնտեսական աճ: Մենք տարեկան ստեղծում էինք 35-40 հազար աշխատատեղ: Մենք կարող ենք դա կրկնել, բայց դրա համար ձեր վստահության կարիքն ունենք:

Քոչարյանը նաև խոսել է մարզի տնտեսական զարգացման մասին, հայտարարել՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը պետք էր սկսել կառուցել հենց այստեղից: Իշխանության գալու պարագայում փորձելու են դա կյանքի կոչել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում