Դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը նոր բացահայտումներ է խոստացել

ՆՆարեկ Սահակյան

Նրանք, ովքեր եկել են հողերը տալու համար, ինչո՞ւ էին այդ դեպքում զենք առնում. Արարատի մարզի Մրգավետ գյուղում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հարց է հնչեցնում վարչապետի պաշտոնակատարը և պատասխանելու համար մեջբերում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ինստիտուտի ուսումնասիրությունը, ըստ որի Հայաստանը 2011-2020 թվականերին ձեռք է բերել 398 մլն դոլարի զենք, որից 248 մլն դոլարի սպառազինություն՝ 2018-ից հետո։

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - 2011-2020 թթ. ՀՀ ձեռք բերած զենքի 63 տոկոսը ձեռք է բերվել 2018-2020 թթ.՝ հեղափոխությունից հետո: Բա զենքն ինչի՞ համար են ձեռք բերում: Զենքը ձեռք են բերում երկրի պաշտպանունակությունը մեծացնելու համար:

Բանակցային գործընթացից խոսելիս Փաշինյանն ընդգծել է, որ առաջին մեծ բացթողումը 97-98 թվականերին է եղել, երբ Արցախը դուրս մնաց բանակցային սեղանից: 99-ի Ստամբուլյան խարտիան է հիշեցնում Փաշինյանը՝ այդ թվին էլ Հայաստանն ստորագրեց, թե Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Մասիսում վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է մեղադրանքներին, թե իրենց օրոք բանակցությունները ձախողվել են:

Նիկոլ Փաշինյան - 98-ից սկսած Հայաստանը բանակցային սեղանի շուրջ ինչ հնարավոր էր զիջել Ադրբեջանին՝ զիջել է: Դրա համար ասում եմ՝ կա պարտավորություն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը բանավեճ է կազմակերպում, եկեք բանավեճի, կապացուցեմ փաստաթղթերով: Հերիք է ճվճվաք, մարդ ուղարկեք՝ մեզ թուրք ասեն: Ձեզ երբ թուրք էին ասում, մենք ո՞ւր էինք, ո՞վ էինք: 

Արդեն Գեղանիստում, համայնքի բնակիչներից մեկի՝ դավաճաններին պատժելու կոչին ի պատասխան վարչապետի պաշտոնակատարը պետական դավաճանության կոնկրետ դեպքի մասին է խոսել: Նշել՝ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի։ Դավաճանն էլ պրոֆեսիոնալ զինվորական չէ:

Նիկոլ Փաշինյան - Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է խոսքը, որը լինելով մարտի դաշտում՝ եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է:

Անդրադառնալով ընդդիմախոսներին՝ Փաշինյանը նրանց բառապաշարն է մեջբերել. քարոզարշավը չսկսած՝ անձնական վիրավորանքների դաշտ են մտել: Պամպերսներից մինչև հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող հայտարարություններ: 2-րդ նախագահի ակնարկներից, թե պետք է երկրի ղեկն ստանձնելուց առաջ հոգեբուժական փորձաքննություն անցնել, Փաշինյանն ուղիղ է պատասխանում,

Նիկոլ Փաշինյան - Ասում է մի մարդ, որը մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ: 

Ընդդիմությունն անընդհատ շահարկում է Կառավարության ընդունակությունները՝ Հովտաշատում թեմային մանրամասն անդրադարձել է Փաշինյանը: 2018-ին, նրա բնորոշմամբ, իրենք ժառանգել են կարկատած պետություն՝ վատ ճանապարհներով, չմշակվող հողատածքներով, ձախողված կրթական համակարգով:

Նիկոլ Փաշինյան - 2018 թվականի կեսից եղել է հեղափոխություն, մինչև տարվա վերջ ստիպված ենք եղել պայքարել խորհրդարանի հանրապետական մեծամասնության դեմ, որոնք բոլոր հնարավոր խոչընդոտներն ստեղծել են: 2020 թվականից սկսվել է կորոնավիրուսի համաճարակը: Մենք մի տարի ենք ունեցել կառավարման համար, դա եղել է 2019 թվականը:

2019-ի մասին Փաշինյանը երկար ու մանրամասն խոսել է Արարատի մարզի բոլոր համայնքներում, հիշեցրել՝ Հայաստանը Եվրոպական և Եվրասիական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրած պետությունն է եղել: Այդ մեկ տարվա ընթացքում բարձրացել է 1 մլն 200 հազար մարդու թոշակ, բարձրացել է նաև ուսուցիչների և զինվորականների աշխատավարձը:

Վարչապետի պաշտոնակատարը գյուղոլորտում սպասվող ծրագրերից է խոսել՝ ջրի կորուստները կանխելու համար ոռոգման կաթիլային համակարգն են խրախուսում, 2022-ից այդ համակարգից օգտվողները 5 տարի ջրի համար չեն վճարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում