Ադրբեջանի զինուժի ներթափանցումը ՀՀ տարածք անմիջական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրի համար. Արա Այվազյան

ԱԱրման Գալոյան

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում իրադրության լարմանը:

Արա Այվազյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար) - Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Այվազյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը:

Արա Այվազյան - Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության մշակած սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային իրադրության և անդամ երկրների անվտանգության վրա կառույցի ազդեցությանը, ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։ Նիստից առաջ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում