Իրանի հետ Հայաստանի սահմանը պետք է պահպանվի. Թեհրանի «ուղերձները» Բաքվին

ՎՎահե Դավթյան

Իրանի հետ Հայաստանի սահմանը պետք է պահպանվի: Հարավային հարևանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումը: Զոլնուրին հայտարարել է՝ Իրանի համար անընդունելի է սահմանների փոփոխությունը;

Մոջթաբա Զոլնուրի (ԻԻՀ ԱԺ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ) - «Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Իրանը բազմիցս շեշտել է՝ չի հանդուրժի Հայաստանի տարածքային ամբողջականության փոփոխությունը: Պատճառն, ըստ իրանագետի, ցամաքային ելքն է:

Գոհար Իսկանդարյան (իրանագետ) - ԻԻՀ-ն ԵԱՏՄ-ի հետ համագործակցության եզրեր են գտել, և դա պետք է իրականացվի ցամաքային տարածքով՝ Հայաստանով, ծովայինը պարզ է՝ Կասպից ծովով:

Ալիևի հայտարարած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կեղծիք է, չունի որևէ իրավական հիմք: Ցանկացած փոփոխության դեպքում Թեհրանը գիտակցում է՝ իր դերը նվազելու է:

Ժաննա Վարդանյան (իրանագետ) - Մինչև այս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է հաստատել Իրանի տարածքով, ապա նմանատիպ ճանապարհի, միջանցքի ստեղծումը բնականաբար նվազեցնելու է Իրանի դերը, և Իրանը չի ունենալու ազդեցության լծակները, որ ուներ մինչ այդ Ադրբեջանի նկատմամբ:

Պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ Հայաստանը Իրանի համար նաև ամենաշահավետ ուղին է դեպի Սև ծով և Եվրոպա: Պարսից ծոցից Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով կհասնի Սև ծով, այնտեղից էլ՝ Բուլղարիա և Հունաստան: Այս ուղղությամբ արդեն մի շարք աշխատանքային հանդիպումներ են եղել:

Ժաննա Վարդանյան - «Հաջորդ հանդիպումը երբ որ տեղի կունենա աշխատանքային խմբի, այն կկայանա Բուլղարիայում, և, մեծ հավանականությամբ, վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերեն այդ հարցի շուրջ»:

Այս նախագծի իրականացման դեպքում Իրանը կախվածության մեջ չի լինի Թուրքիայից և Ադրբեջանից: Իրան-Թուրքիա և Իրան-Ադրբեջան սահմանին միշտ լինում են խնդիրներ՝ կապված բեռների փոխադրման հետ, հատկապես Աստարայի սահմանին Ադրբեջանը գիտակցաբար խնդիրներ է ստեղծում:

Ժաննա Վարդանյան - «Բեռնատարների կուտակումները Ադրբեջանը առաջացրել է միտումնավոր և Թուրքիայի հրահրումով, քանի որ այդ տարածքով հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ են տեղափոխվում: Նպատակը՝ դրանք փչանան և չհասնեն ռուսական շուկա, և թուրքական ապրանքները հասնեն, գրավեն ռուսական շուկան»:

Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ծրագրի աշխատանքների ընթացքը Իրանում Հայաստանի դեսպանը քննարկել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ: Արտաշես Թումանյանը նաև տեղեկացրել է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին, նշել՝ Երևանը ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու երկրի տարածքային ամբողջականությանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում