«Գիտակցել ենք մեր սխալները». ստորագրվեց ՀՀԿ-ի և Վանեցյանի կուսակցության գործակցության հուշագիրը

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայացքների ներքո ստորագրվեց Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների նախընտրական դաշինքի հուշագիրը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն կլինի Արթուր Վանեցյանը։

Սերժ Սարգսյան (ՀՀ երրորդ նախագահ) - Կուսակցությունն իր երիտասարդ, բայց պետական համակարգում ճանապարհ անցած առաջնորդի՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, Հանրապետականների հետ կդառնա ամուր և ժամանակակից պետություն կառուցելու ջատագովն ու առաջամարտիկը:

Դաշինքի վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ հետպատերազմյան շրջանում անթույլատրելի է համարում նախընտրական քարոզարշավի ընթացքում միայն խոստումներ տալն ու մրցակիցների նկատմամբ առավելությունը ցուցադրելը:

Արթուր Վանեցյան («Հայրենիք» կուսակցության նախագահ) - Սիրելի ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը, մենք գալիս ենք լսելու քո խնդիրը, լսելու և հասկանալու մեր երկրի իրական խնդիրները, ապա նաև համատեղ ջանքերով լուծելու դրանք:

Դաշինքի նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանը չի լինի, այս հանգամանքը երրորդ նախագահը մեկնաբանեց նրանով, որ ավարտված է համարում պետական բարձր պաշտոններում իր ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Հուշագրի տեքստում հանրապետականները նշել են, որ դասեր են քաղել նախկինում արված այն սխալներից, որոնք հանգեցրել են իշխանության կորստին:

Աննա Մկրտչյան (ՀՀԿ անդամ) - Այսօր առավել, քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումն ի սպաս դնել մեր հայրենիքին ու ժողովրդին: Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև Հայ ազգային կոնգրեսի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ գործակցության հավանականությանը:

Դավիթ Հարությունյան (ՀՀԿ անդամ) - Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր համախոհ քաղաքական ոժերի հետ, որոնց հետ ունենք ընդհանուր մոտեցումներ՝ նույն նպատակին հասնելու համար: Մենք ոչինչ չենք բացառում, բացառում ենք միայն աշխատանքն այն ուժերի հետ, որոնք կեղծ ընդդիմություն են:

«Պատիվ ունեմ» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ուղղի՛ր մեջքդ, կպնե՛նք գործին, որ ապրե՛նք» կարգախոսով:

Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում