Ժառանգության պայքարը չի դադարի. ԱՀ մշակույթի նախարար

ՆՆունե Ալեքսանյան

Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը միջազգային քաղաքակրթական ճգնաժամի արդյունք է համարում իրողությունը, որ աշխարհի աչքի առջև Ադրբեջանն անթաքույց ցինիզմով գրավյալ տարածքներում ոչնչացնում է հայկական ահռելի մշակութային ժառանգությունը՝ առաջնորդվելով ռազմավարական 2 հնարքով:

Ճիշտ 6 ամիս է, ինչ ոչնչացման ամենօրյա սպառնալիքի տակ է 2000 հուշարձան՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 4 մատուռ և 523 խաչքար. նաև տասը պետական և երկու մասնավոր թանգարան՝ 20 000 նմուշով: Նախարարը հիշատակում է նաև կայացած գրադարանային համակարգը, որից 3 շրջանային գրադարան՝ գրեթե 69 հազար և 127 դպրոցական գրադարանը 617 հազար գրքով, մնացել է օկուպացված տարածքներում:

Մեր ժառանգության նենգափոխման Ադրբեջանի պետական քաղաքականության վկայություններից է փաստը, որ յուրացվում են ոչ միայն պատմական հուշարձանները, այլև գիտական ուսումնասիրությունների արդյունքները: Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը, իսկ Ազոխում պեղված բոլոր նմուշներն Ադրբեջանում են:

Նախարարի գնահատմամբ` ոչնչացման սպառնալիքն արդեն հասել է անգամ Արցախի հարուստ բարբառներին, որոնք ազգային ժառանգության կարևոր բաղադրիչն են:

Լուսինե Ղարախանյանն ընդգծում է՝ չեն դադարի ահազանգել և դիմել միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին, քանի դեռ գործուն քայլեր չեն ձեռնարկվում մշակութային սպանդը կանգնեցնելու համար, իսկ մայիսին Երևանում բացելու են օկուպացված տարածքների մշակութային ժառանգության ամբողջական համապատկերը ներկայացնող ցուցադրություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում