Ղազանչեցոցի շուրջ դեպքերը հաստատում են Արցախի ժողովրդի ինքնորոշման անհրաժեշտությունը. կարծիքներ

ԼԼիլիթ Հարությունյան

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում վանդալական ձեռագիր է... ադրբեջանցիների ձեռքի գործն է: Պաշտոնական Երևանը մտահոգ է՝ Ադրբեջանը փոխում է եկեղեցու տեսքը մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների ժամանումը: Ակհայտորեն խախտվում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը: Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտում է Շուշիի Մայր տաճարում գործողություններ անել առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու:

ԱԳՆ - Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են։ Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին։

Թողտվությունն ու անպատժելիությունն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները, արձագանքն է Արցախից: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է՝ տարիներ շարունակ Ադրբեջանն Արցախում վարել է հայկական քրիստոնեական մշակույթը ալբանացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կոչ է արել ձեռնարկել հստակ քայլեր։

«Նորոգման» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

Խորհրդարանում ևս քննարկում են ադրբեջանցիների քայլերը: Կատարվածն հաստատում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Տեղի ունեցածը բարբարոսություն է՝ ամբիոնից հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ Ադրբեջանի այս քայլը նույնացրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ թուրքական ձեռագրին:

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի օրերին Ադրբեջանի՝ բազմաթիվ ռազմական հանցագործություններից էր մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, հրադադարից հետո թշնամին շարունակում է միջազգային հանրության ավերիչ լռության ներքո աղավաղել Արցախի խորհրդանիշ մեկուկեսդարյա պատմությամբ Շուշիի Մայր տաճարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում