Պատերազմը թուլացրել է գործող կառավարությանը, ուզում ենք գնալ ժողովրդի մոտ և վերգտնել մեր ուժը. վարչապետի պաշտոնակատար

ՆՆարե Ոսկանյան

2001 թվականին Հայաստանի բանտերում եղել է 7428 մարդ, 2021 թվականին բանտերում կա 1967 մարդ: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: 

«Սկզբունքը հետևյալն է՝ ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում, թեև իրավաբան գործընկերներն ինձ ուղղում են, ասում են՝ ավելի լավ է տասը հանցագործ մնա ազատության մեջ, քան մի անմեղ մարդ հայտնվի բանտում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այսօր էլ բազմաթիվ հանցագործներ կան ազատության մեջ, բայց այսօր Հայաստանի բանտերում անմեղ մարդ չկա:

Մենք մեր խոստումը կատարել ենք՝ հեղափոխությունից հետո վենդետաներ չենք իրականացրել, չենք իրականացնելու: Այսօր, ասում են՝ բռնապետական իշխանություն է Հայաստանում հաստատված: Հայաստանում չի կարող բռնապետական իշխանություն լինել, որովհետև 2018 թվականին մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից: Եթե ուզենայինք, 2018 թվականին հնարավորություն ունեինք տեսականորեն այնպիսի մի բռնապետություն ստեղծել, որ այդ թվում՝ այստեղից դուրս խոսողները շնչելուց, արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին: Մենք չենք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը. մենք կռիվ ենք տվել բոլոր ձախողումների դեմ»,- ասաց Փաշինյանը:

Նա շարունակեց. «Այսօր առաջնագծի մասին են խոսում, բայց երբ 30 տարի առաջնագիծը թալանում և դղյակներ էին կառուցում փարիզներում և հռոմներում, ինչի՞ չէին խոսում: Մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել, այլ վաղուց է ստեղծվել, դուք այդ ազատությունից օգտվելու համար թույլտվություն էիք ստանում համապատասպխան տեղերից, մենք ձեզ ազատություն ենք տվել, բայց դուք չեք օգտվում, քանի որ կերակրատաշտն ավելի կարևոր է, քան ազատությունը: 

Մեզ մեղադրում էին, որ պատերազմի ընթացքում իրավիճակը բաց չենք ներկայացրել: Դա անելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը, բացել բոլոր քարտերը:  

Ասել ենք՝ ժողովո՛ւրդ, սենց ա իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո՛, դժվարությամբ, բայց կարողանալու ենք, գրավոր զեկուցել են՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով՝ արևելյան օպերացիոն ուղղությամբ կարող ենք կանգնեցնել և ջախջախել թշնամուն: Այդ իրավիճակում պիտի գնայինք ասենք՝ 7 շրջանը տալի՞ս ենք: 

Պատերազմը թուլացրել է գործող կառավարությանը, և մենք ուզում ենք գնալ ժողովրդի մոտ և վերգտնել մեր ուժը»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում իշխանությունը 2018-ից պատկանում է ժողովրդին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում