ԱԺ ընդդիմադիր ուժերը վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու արդեն վերջնական դիրքորոշում ունեն

ՇՇողիկ Գալստյան

Սահմանադրությունը չի արգելում, որ հրաժարականից հետո վարչապետը շարունակի ղեկավարել կառավարությունը որպես պաշտոնակատար: Վստահեցնում է «Իմ քայլից» պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյան (ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Շատ երկրներում, երբ վարչապետը, կառավարությունը հրաժարականի դիմում են ներկայացնում, երկրի ինքնիշխանը՝ կլինի դա միապետը կամ նախագահը, հանձնարարում է վարչապետին և նախարարներին կատարել պարտականությունները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը: Սա ձևավորված պրակտիկա է՝ բավականին շատ երկրներում առկա: Եվ ես խոչընդոտ չեմ տեսնում:

Խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություն անցկացնելու համար երեկ հրաժարական տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի հրաժարականը Ազգային ժողովի լուծարման միակ սահմանադրական ճանապարհն է: Հրաժարականից հետո օրենսդիրը երկու անգամ վարչապետ չի ընտրում և արձակվում է իրավունքի ուժով: Երեկ, երբ վարչապետը հայտարարեց հրաժարականի մասին, համացանցում որոշ օգտատերեր սկսեցին կարծիքներ հայտնել, թե հրաժարականից հետո նույն անձը չի կարող մնալ պաշտոնակատար: Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ՝ հարցը արհեստական է ստեղծված:

2018 թվականի հեղափոխությունից հետո արտահերթի անցկացման համար խորհրդարանը լուծարվել է նույն տարբերակով, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, երկու անգամ օրենսդիրը վարչապետ չի ընտրել, ապա իրավունքի ուժով համարվել է լուծարված: «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը հիշեցնում է՝ այն ժամանակ որևէ քաղաքական ուժից չեն հնչել պնդումներ, թե վարչապետը հրաժարականից հետո իրավունք չունի պաշտոնավարել:

Հարցի առնչությամբ «Բարգավաճ Հայաստանից» տեսակետ չեն հայտնում:

Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանական երկու ուժերին տարբեր շրջանակներից կոչ է արվում վարչապետի թեկնածու առաջադրել: Թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ «Բարգավաճ Հայաստանը» հիշեցնում են արտահերթի շուրջ վարչապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և վերահաստատում՝ չեն խոչընդոտելու խորհրդարանի լուծարման գործընթացը և թեկնածու չեն առաջադրելու: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արդեն հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Հենց այդ նիստում էլ, ենթադրվում է, որ կառաջադրվի վարչապետի թեկնածու, սակայն չի ընտրվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում