Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

ԱԱրման Գալոյան

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը հայտարարել է, որ հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը չի կարելի մոռանալ, քանի որ մոռացությունը կործանարար է:

Կլաուդիա Ռոթ (Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, Դաշինք 90/Կանաչներ խմբակցություն) - 106 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, սկսվեցին ավելի քան 1 մլն հայկական ծագում ունեցող անձանց և այլ քրիստոնեական խմբերի՝ արամեացիների, ասորիների և քաղդեացիների ծրագրված արտաքսումն ու ոչնչացումը: Նրանք զոհ դարձան դեպորտացիայի ու կոտորածի Օսմանյան կայսրությունում, որն այս մարդկանց դիտարկում էր որպես ներքին թշնամիներ և հենց այդկերպ էլ վերաբերում էր նրանց:

Այս մարդկանց ճակատագիրն օրինակելի է զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, դեպորտացիաների, ցեղասպանությունների պատմության համար, որոնցով սարսափելիորեն լի էր 20-րդ դարը:

Գերմանիայում չափազանց երկար տևեց, մինչև մենք մեր սեփական և համաեվրոպական պատմության ամոթալի պատմությանը լիարժեքորեն և ազնիվ առերեսվեցինք: 2016 թ. Բունդեսթագը համապատասխան բանաձևով դատապարտեց այդ հանցագործությունը, ինչպես նաև Գերմանական կայսրության՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական դաշնակցի դերն այս իրադարձություններում, որի ուսումնասիրումը մեր սեփական հիշողության քաղաքականության մաս համարեց:

Քանի որ միայն այսկերպ և միայն այս կերպ կարող ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը և խուսափել ապագայում այդօրինակ ոճրագործություններից:

Բունդեսթագն այդ բանաձևով ընդունում է Գերմանիայի հատուկ պատմական պատասխանատվությունը, ի թիվս այլոց, Թուրքիային և Հայաստանին աջակցելու հարցում, որպեսզի անցյալի մութ էջերից ճանապարհ փնտրեն դեպի հաշտեցում և փոխըմբռնում:

Այս բանաձևով մենք պարտավորվեցինք վերջապես ըստ արժանվույն ուշադրություն դարձնել 1915թ. Հայոց ցեղասպանության հիշողությանը և դրա հետևանքների պատշաճ ուսումնասիրմանը:

Միայն այսկերպ մենք կարող ենք աջակցել Թուրքիայի ժողովրդավարներին, ովքեր տասնամյակներ շարունակ պահանջում են առերեսվել թուրքական պատմության այս մութ էջերին: Պատմությանն առերեսվելը թերևս ամենակարևոր հիմքը կարող է հանդիսանալ թե՛ հասարակության ներսում, թե՛ հարևանների կամ նախկին թշնամիների հետ հաշտեցման համար:

Այսօր՝ ապրիլի 24-ին, ես հիշում եմ 1915 թ. զոհերին: Չի կարելի մոռանալ, քանի որ մոռացությունը կործանարար է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում