Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում

ՀՀայկ Նավասարդյան

44-օրյա պատերազմից հետո Սյունիքում իրավիճակը սրվում է Ադրբեջանի կողմից արվող սադրիչ հայտարարություններով: Վարչապետ Փաշինյանը Սյունիքում խորհրդակցությունն սկսում է՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից հայտարարում է, թե Հայաստանի տարածքների վրա ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում ուժով Զանգեզուրն միջանցք բացելու մասին: Այսօր էլ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունների մասին խոսք չկա:

Նման հայտարարությունները պետք է նաև միջազգային արձագանք ստանան: Փաշինյանը հիշեցնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը, որտեղ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չկա: Կա տարածաշրջանային կոմունիկացիաների բացում:

Նիկոլ Փաշինյան - Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցք» բացելու մասին, ապա Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, «Հյուսիս-ադրբեջանական միջանցքի» մասին: Ադրբեջանը կարող է ստանալ «միջանցք», երբ Հայաստանն ստանա Ադրբեջանում միջանցք: Բայց, այնուամենայնիվ, իմ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի նախագահը սադրիչ հայտարարություններով ուզում է վիժեցնել գործընթացը, ետ կանգնել պայմանավորվածություններից՝ լարելով իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանին պահելով շրջափակման մեջ:

Սյունիքի ներկա սահմանագծի մասին: 44-օրյա պատերազմի ընթացքն այնպիսին չի եղել, որը Հայաստանը կարող էր ակնկալել: Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին:

Նիկոլ Փաշինյան - Որպեսզի կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատացնել: 

Վարչապետը սահմանների ճշգրտման պատկերը, մասնավորապես, ներկայացնում է սահմանամերձ դարձած Շուռնուխ և Որոտան համայնքերի օրինակով:

Նիկոլ Փաշինյան - Հայաստանի պետական սահմանների պաշտպանությունը և անվտանգությունը պետք է ավելացնել, սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր Ռուսաստանի Դաշնության հետ: Պետք է ունենանք ուժեղ բանակ, որը կլինի արժանի դաշնակից և Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը:

Անվտանգային խնդիրներից բացի՝ վարչապետը նշում է, որ Սոցիալ-կենցաղային ծրագրերը Շուռնուխում մեկնարկել են:

Մեղրիի այսօրվա միջադեպը վարչապետն օրենքի խախտում է համարել, իրավապահներին հանձնարարել կոշտ արձագանքել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում