AstraZeneca պատվաստանյութը Հայաստան է ներմուծվել երկու ամիս օգտագործման ժամկետով. ՀՀ առողջապահության նախարար

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հերքեց լուրերը, թե AstraZeneca  պատվաստանյութի ժամկետը լրանալու է մի քանի օրից:

Նախարարի խոսքով՝ պատվաստանյութը Հայաստան է ներմուծվել երկու ամիս օգտագործման ժամկետով՝ մինչև մայիսի 31-ը, ինչը բավարար է և համապատասխանում է բոլոր չափանիշներին: 

«Սակավաթիվ երկրներ կան, որոնք այս պահին կասեցրել են որոշ խմբաքանակների օգտագործումը, մինչև մասնագիտական կառույցների կողմից կտրվի լրացուցիչ եզրակացություն: Շատ երկրներ էլ վերսկսել են պատվաստանյութի օգտագործումը, սակայն փոփոխել են տարիքային շեմը: Մենք ևս հանգամանալից, ուշադիր կերպով հետևելով մասնագիտական կառույցների արած եզրակացություններին և տարբեր երկրներում վարվող քաղաքականությանը, վերջերս որոշում կայացրինք, քանի որ այն սակավաթիվ կողմնակի ազդեցությունները, որոնք գրանցվել են, տեղ են գտել երիտասարդների մոտ, օգտագործման տարիքային շեմը սահմանել 55-ից բարձր:

Բոլոր դեղամիջոցները, բոլոր պատվաստանյութերն ունեն որոշ կողմնակի ազդեցություններ, սակայն դրանց արդյունավետության, անվտանգության գնահատականը վերաբերում է նրան, որ ռիսկերը գնահատվում են, և հիվանդացության արդյունքում ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով ընթանալու դեպքում այնքան մեծ են ռիսկերը, որ դրանք հակակշռում են այն բոլոր փոքրաթիվ կողմնակի ազդեցություններին, որոնք գրանցվել են»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, բայց չթողնել, որ ռիսկերի ոչ ճիշտ գնահատումը, էմոցիաները խանգարեն այդ կարևոր գործիքը չօգտագործելուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում