Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող են համարվել հակամարտության վերջնական կարգավորում. Այվազյան

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարարից հետաքրքրվեց, թե ի՛նչ դիրքորոշում ունի համանախագահների հայտարարության վերաբերյալ, որ պատրաստ են միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգնման հարցում:

Արա Այվազյանը նշեց, որ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների հիման վրա: 

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները, կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում: Համանախագահները փաստում են, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, և կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի, կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ: Սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր վրա վերցրած հանձնառությունները, միջազգային պարտավորությունները և հրաժարվել դեստրուկտիվ, ապակառուցողական դիրքորոշումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի համաձայնության ամբողջական իրականացումը»,- ասաց նախարարը:

Այվազյանը նաև նշեց, որ համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ:

«Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, պետք է ստեղծել հստակ օրակարգ: Ադրբեջանը իր ռազմատենչ, ապակառուցողական և հայատյաց հայտարարություններով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը: Կարծում եմ, որ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, ավելի թիրախային հասցեագրել կողմերից մեկին՝ այս դեպքում Ադրբեջանին, որ զերծ մնա հակահայկական թշնամական քարոզչությունից և գործողություններից»,- ասաց Այվազյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում