Հանրության հետ պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ. Ռուստամ Բադասյան

ՇՇողիկ Գալստյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Մարտի 1»-ի գործով երեկ դատարանի կայացրած որոշումը մեկնաբանել չի ցանկանում, ասում է՝ հարցը պետք է ուղղել պատասխանատուներին, այն արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է:

Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցածից, սակայն պետք է դիմել պատասխանատուներին, ես չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ «Մարտի 1»-ի գործով արդարացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին: Նրանք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Բադասյանն ընդգծում է՝ իշխանության նպատակը եղել է թե՛ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների բացահայտումը, թե՛ անկախ դատական համակարգի ստեղծումը, թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումները: Նախարարի խոսքով՝ հանրային ընկալում կա, որ այս ոլորտներում իշխանությունը դանդաղկոտություն է ցուցաբերել:

Ռուստամ Բադասյան - Չէի ուզի արդարանալ, բայց այս դատաիրավական ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում են և տեսանելի չեն հանրությանը, չի կարելի բոլոր հարցերի պատասխանները պահանջել իշխանությունից:

Արդարադատության նախարարությունը թեև դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել և իրականացրել, այդուհանդերձ Բադասյանը գիտի, որ քննադատությունների պատճառն այն է, որ այդպես էլ վեթինգ չիրականացվեց:
 
Ռուստամ Բադասյան - Ես պատրաստ եմ կրել պատասխանատվություն, ազնիվ է եղել նախարարությունը:

ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թեև նախարարը վստահեցնում է, որ Հայաստանում անկախ դատական իշխանություն, բարեվարք և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու պայքարը չի ավարտվել, այդուհանդերձ պատգամավոր Արման Բաբաջանյանը համարում է, որ իրավական քաղաքականությունը ամբողջությամբ ձախողված և տապալված է:

Արման Բաբաջանյան (ԱԺ պատգամավոր) - Առնվազն մի քանի պաշտոնյա պետք է ազատված լիներ պաշտոնից, այդ թվում՝ արդարադատության նախարարը:

Բաբաջանյանի գնահատմամբ՝ դատական համակարգը դիրքավորվել է ընդդեմ Հայաստանի պետականության, և մարտի 1-ի ոճրագործները, ըստ պատգամավորի, կանգնելու են պատասխանատվության առաջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում