Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում չհայտարարելու «Ինտերպոլի» որոշումն ու դատախազության պարզաբանումը

ԱԱրթուր Խաչատրյան

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, քանի որ «Ինտերպոլը» գործը համարել է քաղաքական՝ Ազգային ժողովում հայտարարել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և լրագրողներին ներկայացրել փաստաթուղթ՝ ուղղված Հայաստանի «Ինտերպոլի» ազգային բյուրոյին:

Թագուհի Թովմասյան, ՀՀ ԱԺ անկախ պատգանավոր - Այդտեղ ասվում է, որ Գևորգ Կոստանյանի մասին ծանուցումը չի համապատասխանում «Ինտերպոլի» կանոնադրության 3-րդ հոդվածին։ Իսկ այդ հոդվածում ասվում է, որ կազմակերպությանն արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական և ռասսայական բնույթի որևէ միջամտություն իրականացնել։ Այսինքն՝ Գևորգ Կոստանյանի գործն «Ինտերպոլը» համարել է քաղաքական, ուստի 2020 թվականի ապրիլին այդ գործը դուրս է բերվել համակարգից:

Պատգամավորի մեկնաբանմամբ՝ դեռևս 2020 թվականի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է Գևորգ Կոստանյանի հետախուզումը: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու միջնորդությունը Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազություն էր ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին:

Թագուհի Թովմասյանի հայտարարությանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունը նշում է՝ «Ինտերպոլը» փաստական տվյալներ չի ուսումնասիրում և մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու իրավասություն չունի: Կառույցը նաև հայտնում է, որ սա առաջին նման որոշումը չէ, ինչպես հայտարարել էր Թովմասյանը:

«Նման դիրքորոշում «Ինտերպոլի» կողմից դրսևորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունն առանձին երկրներում՝ նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների համար մեղադրվելու կամ պետությունների միջև կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով գործակցությունն «Ինտերպոլի» համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա սահմանափակվել է»:

Գևորգ Կոստանյանին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով: Ըստ գործի նյութերի՝ 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, զբաղեցնելով նախագահի օգնականի պաշտոնը, Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Գևորգ Կոստանյանն այսօր՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարեց՝ տեղյակ չի եղել «Ինտերպոլի» որոշման մասին: Այժմ պատրաստվում է այն ուսումնասիրել: Միաժամանակ գոհունակություն հայտնեց Միջազգային քրեական ոստիկանության որոշման առնչությամբ:

Գևորգ Կոստանյան, ՀՀ նախկին գլխավոր դատախաղ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ - Ես «Ինտերպոլով» հետախուզման մասին ընդհանրապես տեղեկություն չունեի, ես գիտեի, որ հետախուզումը ՌԴ շրջանակներում է հայտարարվել: Եվ ես ժամանակին նաև հայտարարեցի, որ ՌԴ-ն է մերժել իրականացնել իմ նկատմամբ հետախուզում այդ նկատառումով, որ քաղաքական է:

Այժմ Մոսկվայում գտնվող նախկին գլխավոր դատախազը նշում է պայմանները, որոնց պարագայում պատրաստ է վերադառնալ Հայաստան և ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում