ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո եղել են մի շարք քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ, կատարվել են փոփոխություններ: 

Նախարարը տեղեկացրեց, որ ըստ փոփոխության՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմերը բաղկացած կլինեն 9 անդամից, 4-ի քվոտան տրամադրվում է բուհին: Այդ 4-ի համամասնությունը (դասախոս, ուսանող) որոշելու և առաջարկելու է ակադեմիական խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդները պետք է ձևավորված լինեն օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում: Մեկ ամսվա ընթացքում պետք է անդամության առաջարկներ ներկայացվեն: Եթե բուհի քվոտաները չեն ներկայացվում ժամանակին, ապա լիազոր մարմինը իրավունք կունենա չլրացված տեղերը լրացնել իր որոշմամբ:

«Հաշվի առնելով մի շարք առաջարկություններ, այդ թվում նաև բուհերի ռեկտորների առաջարկները՝ մենք առաջարկում ենք մի կողմ թողնել ընտրանքային կարգը և իրականացնել ռեկտորի ուղղակի ընտրություն. ռեկտորին կընտրի խորհուրդը, որը և կհրամանագրի»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Ռեկտորի հրաժարականի կամ իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում լիազոր մարմնի ղեկավարը ռեկտորի պարտականությունները կարող է տալ պրոռեկտորներից մեկին՝ մինչև մրցույթի անցկացումը: Հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող լինել տվյալ բուհի ուսանողը կամ աշխատակիցը: 

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծում կատարված փոփոխություններին, այն կներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգ: 

Նշենք՝ խորհրդարանը քննարկել և փետրվարի 11-ին առաջին ընթերցմամբ՝ 77 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում