Կրեդիտների փոխանցելիություն. սա թերևս օրենքի մեխն է. պատգամավոր

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ այն արտահայտությունները, որոնք արվեցին նախարարին՝ ոչ այնքան բարեկիրթ և հատկապես այդ օրենքի հետ կապված, լուրջ մտորելու տեղիք է տալիս:

«Մենք խոսում ենք բարձրագույն կրթության որակի բարձրացման մասին, այնինչ այստեղ խոսակցությունը հակառակ ուղղությամբ է ընթանում: Կոչ կանեի մեր պատգամավորներին զգույշ լինել՝ հաշվի առնելով նախարարի փորձառությունը, կյանքի անցած հետագիծը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի միջև բանավեճ էր տեղի ունեցել ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու առնչությամբ: 

Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով փակվում է բուհերի քաղաքականացվածության էջը, որովհետև կուսակցական, քաղաքական ղեկավար պաշտոնյաներ չեն կարող լինել խորհուրդների անդամներ:

Նա կարևորեց նաև լրիվ և մասնակի կրթության ծրագրերը:

«Կրեդիտների փոխանցելիություն. սա թերևս օրենքի մեխն է և ոչ թե ռեկտորների ընտրությունը: Կարող ես քո կրեդիտները հավաքել այլ համալսարանում, այլ երկրում, ապա բերել մեկ այլ բուհ, և դրանք կճանաչվեն քո կրեդիտները, որ դու այդ առարկաներն անցել ես արդեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ընդունելության մեխանիզմներում ևս փոփոխություն է կատարվել, և մեծ արտոնություններ են տրվել բուհերին: Շեշտադրել են նաև սոցիալական գործընկերության մեխանիզմը՝ մասնավոր սեկտորի ներգրավվածությունը բուհական համակարգում և կրթության գործում, ինչպես նաև դրա համար պատասխանատվության կիսումը: 

««Ուսանողական խորհուրդ» հասկացությունը վերացրել ենք նախագծից. ուսանողական ինքնակառավարման մարմինների լիազորությունը տվել ենք բուհի ակադեմիական խորհրդին: Դրանով մենք կապահովենք, որ քաղաքական վերահսկողությունը բուհերի, ուսանողական մարմինների նկատմամբ վերանա»,- ասաց Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում