Հայաստանը պատրաստ է ինտեգրացիոն գործակցության. կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ՄՄայա Խաչատրյան

Հակահամաճարակային խիստ կանոններով ու տնտեսական հագեցած օրակարգով Ալմաթիում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Քովիդ-19 համավարակի դեմ պայքարը դեռ շարունակում է առաջնային մնալ տնտեսական կառույցի աշխատանքում: Միաժամանակ, առանցքային է կորոնավիրուսի հետևանքով խաթարված հաղորդակցության ուղիների վերականգնման հարցերի քննարկումը:

Համավարակով պայմանավորված Ալմաթիում գործում են անվտանգության խստագույն կանոններ. օրական հազարի հասնող կորոնավիրուսի դեպքերը ստիպում են հանգստյան օրերին փակ պահել հանրային տարածքները:

Չնայած դրան, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն անցկացվեց առկա ձևաչափով, բայց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ:  

Միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկեց ԵԱՏՄ անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Արարողակարգային լուսանկարահանումից հետո կայացավ ԵԱՏՄ նեղ կազմով նիստը:

Ընդլայնված հանդիպմանը ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները անդրադարձան 2020-ին մարտահրավերներին, այդ թվում նաև տնտեսական, փոխանակվեցին դրանց հաղթահարման վերաբերյալ տեղեկատվությամբ: 

Միջկառավարական խորհրդի նիստում քննարկվեց հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումը: Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ դա կարող է արդյունավետ գործարկվել նաև հայրենական արտադրողներին անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից պաշտպանելու համար:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ գործակցության` նշված միջոցների կիրառման առումով ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման նպատակով:

Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում նաև հարկ է դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:

Վարչապետը կարևոր համարեց նաև սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնության վերաբերյալ ԵԱՏՄ գործընկերների կառուցողական մոտեցումը:

Նիկոլ Փաշինյան - Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու ԵԱՏՄ-ում աշխատանքի առաջնահերթ ուղղությունների իրականացման ուղղությամբ, որոնք նախանշված են Ղազախստանի նախագահության շրջանակում, ի շահ եվրասիական ինտեգրման հետագա առաջմղման և Միության զարգացման:

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները մասնակցեցին նաև «Ալմաթի դիջիթըլ-2021» ֆորումին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թվային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է: 2020-ին Այ Թի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 միլիոն դոլար:

Նիկոլ Փաշինյան - Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար:

Միության երկրները կարողացան կիրառել թվային տեխնոլոգիաները՝ համավարակի պատճառով ծագած խնդիրների մի մասը հաղթահարելու համար: Հայաստանի վարչապետը նկատի ունի «Ճանապարհորդում եմ առանց Covid-19-ի» թվային հարթակը, որը փաստացի փետրվարի 1-ից վերականգնեց քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում