ՄՄարիա Գաբրիելյան

Դեսպանությունն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ հրապարակումներին

Դեսպանությունն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ հրապարակումներին

Սոցիալական առանձին կայքերում որոշակի տեղեկություններ են հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ հունվարի 22-26-ն Իրան կատարած այցի վերաբերյալ, որոնք ունեն նաև քննադատական ուղղվածություն:

 

Իրանում ՀՀ դեսպանությունը մշտապես հետևում է նման հրապարակումներին և օգտակար է համարում քննադատական նկատառումներն ու առաջարկությունները՝ հաշվի առնելով դրանք դեսպանության աշխատանքները կազմակերպելիս:

 

«Կարևոր ենք համարում նաև դեսպանության գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների իրազեկվածությունը՝ մշտապես ձգտելով նրանց համար հասանելի դարձնել կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

 

Ըստ այդմ՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս համառոտ կերպով անդրադառնալ նախարար Քերոբյանի այցին և դրա ընթացքում իրականացված ծրագրային միջոցառումներին (թեև այցի օրերին դեսպանությունը պարբերաբար լուսաբանել է նախարարի գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումները):

 

Նախարար Քերոբյանն ունեցել է հետևյալ հանդիպումները՝
 
- ԻԻՀ գիտատեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Սորենա Սաթթարի.
- ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնի.
- ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի.
- ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմի.
- ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդ.
- ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթի.
- Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեի.
- Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայի:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական ծրագրերին և երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծվել է կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների համանախագահությամբ աշխատանքային խումբ:

 

Ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

 

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Թեհրանի հայ գործարարների հետ խորհրդաժողով, որին մասնակցել է հիսունից ավելի գործարար: ՀՀ էկոնոմիկայի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, առաջիկա անելիքները, այդ թվում՝ կապված «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման, ՀՀ-ում արդյունաբերական ավանի ստեղծման և մի շարք այլ կարևոր ծրագրերի հետ:

 

Նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի և ունեցել տասնյակ առանձնազրույցներ գործարարների հետ:

 

Այցի վերջին օրն Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի հետ քննարկվել են գործարար առանձին խմբերի Հայաստան գործուղման, ցուցահանդեսների կազմակերպման և մի շարք այլ հարցեր:

 

Խիստ հագեցած աշխատանքային ծրագրի պայմաններում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ունեցել է մի շարք նախապես չծրագրված հանդիպումներ և այցեր, այդ թվում՝ «Մափնա», «Մամութ» ընկերություններ, «Շասթա» հոլդինգ և մի շարք այլ ընկերություններ և գործարաններ:

 

Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտադրության «Միհան» ընկերությանը, ցավում ենք, որ այցը չի կայացել (իրանական կողմին նախապես զգուշացվել է այցի չեղարկման մասին), սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ դեսպանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հիշյալ ընկերություն և քննարկել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրներ:

 

Դեսպանությունը ներկայումս ստանում է բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնց հետ կապված ցուցաբերվում է պատշաճ և շահագրգիռ վերաբերմունք»,- հայտնում են դեսպանությունից:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում