Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձն ու հայկական մշակութային ժառանգության պահպանումը հայ-ֆրանսիական օրակարգում են

ՆՆարե Ոսկանյան

«Բոլորս հիշում ենք, որ մեր ամենածանր ժամանակներում վերջերս Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքն անդադար էր, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ: Մեկ անգամ ևս վերահաստատվեց, որ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կողքին»: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: 

Նախարարը, անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության այցին ու այսօրվա հանդիպումներին, ասաց՝ նպատակը մեր տնտեսական օրակարգի ընդլայնումն է: Քննարկել են Հայաստանի զարգացման վերաբերյալ կայանալիք կարևոր ներդրումային ծրագրեր, անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

Այվազյանի խոսքով՝ Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սկսած Ֆրանսիայի նախագահի ու ԱԳՆ-ի հասցեական հայտարարություններից, որոնք ի ցույց էին դնում, թե ով է սանձազերծել Արցախի դեմ ագրեսիան, նաև մատնանշելով Թուրքիայի ներգրավվածության վտանգավորությունը՝ հաշվի առնելով նաև զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավվածությունը տարածաշրջանում, որը վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը:

Նախարարը նաև հայտնեց, որ անդրադարձել են անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, նախևառաջ՝ գերիների անհապաղ ազատ արձակման հիմնահարցին:

«Ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցի արագ լուծմանը, և մենք շնորհակալ ենք գործադրած ջանքերի համար»,- ասաց Արա Այվազյանը: 

Նախարարը հայտնեց՝ քննարկվել են նաև մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր:

«Արցախի պատմամշակութային ժառանգությունը տարածաշրջանի, բայց նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է: Մեր հուշակոթողները ավելի քան 1400-ն են, որոնք մնացել են Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում: Կարևոր վկայություն են հայ բնիկ ժողովրդի ինքնության, մշակույթի, արարության մասին: Ցավոք, բոլորս գիտենք, որ այդ հուշակոթողները վտանգված են: Մենք ունեցել ենք նախկինում շատ ողբերգական նախադեպ Նախիջևանում, և պատերազմի ժամանակ էլ նույնպես միջազգային հանրությունը տեսավ, թե ոչնչացման, կեղծման և յուրացման ինչ փորձեր են արվել: Ֆրանսիան նույնպես շատ ակտիվ դեր է կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այս հարցի հասցեագրման ուղղությամբ: Պետքարտուղարն ինձ տեղեկացրեց, որ երկկողմ ձևաչափով առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի կողմից հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ Արցախ, որպեսզի գործադրվեն փաստահավաք մեխանիզմները, որոնք նաև պահպանության համար որոշ երաշխիք կձևավորեն»,- ասաց ԱԳ նախարարը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում