Արամ Խաչատրյանը առաջինն է նկատել Առնո Բաբաջանյանի երաժշտական տաղանդը

ԹԹերեզա Կասյան

Մեծն Արամ Խաչատրյանը Առնո Բաբաջանյանի երաժշտական տաղանդը նկատել էր, երբ ապագա կոմպոզիտորը դեռ 5 տարեկան էր, և որոշել էր, որ տղան անպայման երաժիշտ պետք է դառնա:

Ավարտելով Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը՝ Բաբաջանյանը դառնում է կոնսերվատորիայի ուսանող, հետո՝ 1948 թվականին, ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում:

Թե՛ երաժշտի ընկերները, թե՛ ուսուցիչները նրան մեծ դաշնակահարի ապագա էին գուշակում:

Դմիտրի Շոստակովիչի խոսքով՝ «Առնո Բաբաջանյանը մեր դարաշրջանի անվանի և տաղանդավոր երաժիշտներից է։ Նա օժտված է մեծ կոմպոզիտորական շնորհներով։ Դաշնակահարի նրա տվյալներն արժանի են ամենաբարձր դրվատանքի։ Նա բազմակողմանի և հիմնավոր կրթություն ունեցող երաժիշտ է»: 

Բաբաջանյանի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադը», «Հայկական ռապսոդիան» կոմպոզիտորի անհատականության վառ օրինակ են: Կոմպոզիտորը, սակայն, անտարբեր չմնաց նաև էստրադային ժանրի նկատմամբ: 60-ականների «ձնհալի» ազդեցությունը մեծ էր արվեստի բոլոր ոլորտներում, և այդ շրջանում ստեղծված կոմպոզիտորի հիթերը մեծ համբավ բերեցին Առնո Բաբաջանյանին:

Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու և Ռոբերտ Ռոժդեստվենսկու համագործակցությամբ ստեղծված երգերը, ինչպեսև «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում հնչող երաժշտությունը: 

Առնո Բաբաջանյանը  կյանքից հեռացավ 61 տարեկանում՝ 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում