Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն անպայման հրապարկվելու է. Անդրանիկ Քոչարյան

ԱԱնուշ Մուրադյան

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն անպայման հրապարկվելու է՝ այսօր վստահեցրեց Անդրանիկ Քոչարյանը, որ 97 էջանոց այդ փաստաթուղթը արդեն ուղարկել է խորհրդարանի նախագահին։ Զեկույցը, որ կազմել է ժամանակավոր հանձնաժողովը մեկուկես տարվա ընթացքում, հանրությանը պետք է ներկայացվեր դեռ անցած աշնանը, բայց պատերազմը հետաձգեց ժամկետը։ Քոչարյանը, որ նախագահում էր այդ հանձնաժողովը, ասում է՝ այն լուրջ ուսումնասիրության կարիք ունի, ու լավ կլիներ, որ զեկույցը հրապարակվեր մինչև սեպտեմբերի 27-ը։

Զեկույցը հատկապես օգտակար կլիներ պաշտպանական գերատեսչության համար՝ նկատում է Քոչարյանը, ասում՝ սպառազինության կառուցվածքի ու մարդկային ռեսուրսի կառավարման հարցում կարող էինք արձանագրել ավելի մեծ հաջողություններ։

«Լուրեր»-ը պատգամավորից հետաքրքրվում է՝ իսկ այն կարո՞ղ է իրավական գործընթացների սկիզբ դառնալ: Դեռ դրա աշխատանքի ժամանակ Քոչարյանն ինքը չէր բացառել, գաղտնի և ոչ գաղտնի ամբողջ տեղեկության հավաքման արդյունքում հնարավոր է՝ ի հայտ գան նոր՝ քրեորեն հետապնդելի բացահայտումներ։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն այն ժամանակ՝ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք, նաև Պաշտպանության նախարարությունն էր ուսումնասիրել։ Եթե այդ աշխատանքը բացթողումներ չունենար, քննիչ հանձնաժողովը չէր ստեղծվի՝ ասում է Քոչարյանը։ Դիտարկմանն էլ, թե գործող իշխանությունը վարկաբեկում է որոշ զինվորականների, պատգամավորը հակադարձում է՝ նախկինում հերոսապատում կերտած այսօրվա գեներալները 94-ից հետո հենց իրենք մաշեցրել են հաղթանակի արդյունքն ու իրենց կառուցած առանձնատների ամեն քարի մեջ մի զինվորի ճակատագիր դրել։

Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը, սակայն, վաղաժամ է համարում համանման մի հանձնաժողովի ստեղծումը, որն արդեն Արցախյան այս նոր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները կքննի։ Առաջարկներ կան՝ նաև խորհրդարանից դուրս, փաստահավաք խմբի միջոցով, այդ ուսումնասիրությունը սկսելու, բայց Քոչարյանի կարծիքով՝ դրա առաջին հասցեատերը նախարարությունն է:

Քաղաքական շահարկումները վնաս են բանակին՝ շեշտում է Քոչարյանն ու պնդում՝ հիմա երկրի գլխավոր հարցը անվտանգությունը պետք է լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում