ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի. վարչապետ

Վերջին մի քանի օրերի ադրբեջանական ագրեսիան ռազմական իրադրության ամենալուրջ սրումն էր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Հին Թաղեր և Խծաբերդ համայնքները փաստաթուղթը ստորագրելու պահին հայկական վերահսկողության տակ են եղել և այդպես էլ շարունակելու են մնալ՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայկական կողմն ունի 6 վիրավոր, այս պահին էլ ճշտվում են այլ տուժածների մասին տեղեկությունները, ճշտվում են, որովհետև որոշ տեղանքներ այս պահին անմատչելի են՝ պարզաբանում է Փաշինյանը:

Նոյմեբերի 9-ի հայտարարության մեջ խոսք չի եղել Զանգելանի ու Կուբաթլու շրջանների մասին, բայց փաստացի այդ հատվածների 90 տոկոսից ավելին եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ասում է վարչապետը: Այդ շրջաններում պետք է լինի սահմանային գծերի ճշգրտում, ինչը կիրականացվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Սյունիքում և Հայաստանի մյուս սահմաններին հայտարարությունից հետո մինչև օրս ռազմական առումով հանգիստ է եղել՝ ընդգծում է Փաշինյանը: Հրատապ հարցերից է գերիների խնդիրը, Փաշինյանի խոսքով՝ մոտ է գերիների վերադարձի գործընթացի մեկնարկը:

Վարչապետն անդրադառնում է նաև իր հրաժարականի մասին լուրերին և հստակեցնում՝ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները, և ժողովրդի կողմից տրված կարգավիճակից կարող է հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա:

Պատերազմի ավարտից հետո 40-րդ օրը՝ դեկտեմբերի 19-ին, երկրում կհայտարարվի եռօրյա սուգ՝ նշեց Փաշինյանը: Միաժամանակ կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում