Երկխոսություն հնարավոր է, եթե հրաժարվենք բռնության և սպառնալիքի խոսույթից. Նիկոլ Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց իր հրաժարականը պահանջող ուժերի հետ հանդիպման հնարավորության մասին:

«Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կխոսենք այն դեպքում, երբ պարզվի և արձանագրվի, որ հարկադրելու ռեսուրս ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը ուղղակի գոյություն չունի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝ որևէ քաղաքական ուժ, խմբակ չի կարող Հայաստանի ժողովրդին և ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարկադրել: Ըստ նրա՝ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը: Փաշինյանն ընդգծեց, որ չեն գտնի մի այնպիսի դեպք, երբ իրենց հետ խոսելու ցանկություն է եղել, և իրենք չեն խոսել:

Ասաց, որ չեն պատրաստվում խոսել այնպիսի պայմաններում, երբ այդ խոսակցությունը կընկալվի որպես նահանջ՝ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ, մինչդեռ պատրաստ են երկխոսելու, եթե երեք հարցերի շուրջ կլինի կոնսենսուս:

«Առաջինը՝ Հայաստանի ներքին և արտաքին կայունության անվտանգության ապահովություն, Արցախի ներքին և արտաքին կայունության անվտանգության ապահովություն և ժողովրդի իշխանության երաշխավորություն, որտեղ որոշումը հետագա կայացնելու է ժողովուրդը: Դա օրակարգ է, որը մենք պատրաստ ենք քննարկել, բայց պայմանով՝ որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի, բռնության լեզվով չպետք է խոսի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ շատ ուժեր չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև հասկանում են, որ ուղղակի չեն հաղթահարի անցողիկ շեմը:

«Հազար հոգով կարելի է ճանապարհ փակել, բայց հազար հոգով հնարավոր չէ դառնալ խորհրդարանական ուժ: Հազար հոգով հնարավոր է խորհրդարանը գրավել, հազար հոգով հնարավոր է մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ, վարչապետի դեմ, պատգամավորի դեմ, նույնիսկ 5 հոգով կարելի է մահափորձ անել: Մենք ուրիշ բան ենք ասում: Ասում ենք, որ թույլ չենք տալու, որ ժողովրդին պատկանող իշխանության նկատմամբ լինի ոտնձգություն»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև իր հրաժարականի վերաբերյալ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների կոչերին:

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները` Վեհափառ հայրապետները, հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետները, ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, Կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք՝ այդ տեսակետին չհամաձայնել»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում