ԿԿարմեն Ղուկասյան

Մեղրիում և Կապանում հաստատում են, Չարենցավանում՝ հերքում, որ պահանջում են վարչապետի հրաժարականը

Մեղրիում և Կապանում հաստատում են, Չարենցավանում՝ հերքում, որ պահանջում են վարչապետի հրաժարականը

1lurer.am-ի հետ զրույցում Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը հաստատեց, որ Մեղրիի համայնքապետարանը միացել է վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությանը:

 
Մեզ հետ զրույցում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ևս հաստատեց, որ ինքը և Կապան համայնքի ավագանու 13 անդամ միացել են վարչապետի հրաժարականի պահանջին:
 
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։
 
Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։
 
Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ Հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ո՛չ ասենք այս կործանարար իրավիճակին»։
 

Իսկ Չարենցավանի համայնքապետարանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Չարենցավան համայնքի ավագանու 15 անդամներից 10-ը միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նշվում է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 
«Չարենցավան համայնքի ավագանու օրինական կայացված նիստերից և ոչ մեկում երբեք չի քննարկվել վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկող որևէ նախաձեռնությանը միանալու հարց»,- ասված է համայնքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում