Զինված ուժերի վերաբաշխման համար ռազմական դրությունը պարտադիր պայման չէ. Գորգիսյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննիս Իգիթյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ եթե առաջարկում են հանել ռազմական դրությունը, արդյոք վտանգը, ինչի համար երկրում ռազմական դրություն սահմանվեց, այլևս գոյություն չունի՞:

Գորգիսյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա 1994 թվականից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում, քանի որ շրջապատված ենք հարևաններով, որոնք ագրեսիվ են տրամադրված մեր հանդեպ և հայտարարել են, որ ընդհուպ մինչև Երևանը պետք է գրավեն: Գորգիսյանը շեշտեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո եղել են ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, որ ռազմական գործողությունների վտանգ չկա, և դրա համար տրվել են նաև երաշխիքներ, այդ թվում՝ Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, որոնք էլ երաշխավորում են այդ անվտանգությունը: Նրա խոսքով՝ զինված ուժերի վերաբաշխման համար ռազմական դրությունը պարտադիր պայման չէ:

«Ես երեկվանից կառավարության ներկայացուցչին և ՊՆ ներկայացուցչին հարցնում եմ, թե ի՞նչ խոչընդոտներ կան կոնկրետ իրավական դաշտում, որոնք կարող են ձեզ խանգարել նշված գործողությունները իրականացնելու համար, և դեռևս որևէ պատասխան չկա: Այսինքն՝ ռազմական դրության չեղարկելը փաստացի որևէ կերպ չի խոչընդոտելու ձեր ասած խնդիրները լուծելուն»,- ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ չունենալով ռազմական դրություն՝ տարիներ շարունակ լուծել են ՀՀ անվտանգության խնդիրը, ունենալով զորքեր առաջնագծում և դրանք վերաբաշխելով ինչպես պետք են: Գևորգ Գորգիսյանը Հովհաննես Իգիթյանին ասաց, որ նա իր ելույթում կարող է նշել այն իրավական ակտերը, որոնք միգուցե խանգարեն այդ գործընթացին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում