Վլադիմիր Պուտինը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՄՄարի Կոստանյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ փոխանցում է Կրեմլի կայքը: 

Կրեմլի ղեկավարի հավաստմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը:

«Այժմ տարածաշրջան ուղարկված ռուսական խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին ու մարդասիրական բեռները: Ընդհանուր իրավիճակը կայունացել է»,- այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է օտարերկրյա դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:

ՌԴ նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի ջանքերի մասին:

«Եռանդուն ջանքեր ենք գործադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, որոնք հանգեցրել են մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհերի: Ընդ որում՝ հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին: Մասնավորապես, իր համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: Գլխավոր ձեռքբերումը արյունահեղության դադարեցումն է, որն ամրագրված է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության մեջ»,- հայտնել է Կրեմլի ղեկավարը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում աշխատանքն է սկսում մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած շրջանների բնակիչներին օգնություն տրամադրելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ ու բնականոն կյանքի համար պայմանների ստեղծմամբ: Կրեմլի ղեկավարն ակնկալում է այս ջանքերում մասնագիտացված միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությունը:

«Ելնում ենք նրանից, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում ձգձգված հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար՝ արդար հիմքի վրա և ադրբեջանցի ու հայ ժողովուրդների շահերից ելնելով»,-եզրափակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում