Ամարասին վտանգ չի սպառնում՝ ռուս խաղաղապահներն են հավաստիացնում

ՆՆարեկ Սահակյան

Ճանապարհն Ամարասի վանական համալիր է տանում: 4-րդ դարի քրիստոնեական կոթողն օրեր շարունակ Ադրբեջանի զինուժի թիրախում էր: Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասում է՝ պաշտպանության բանակն այս ուղղությամբ կասեցրել է հարձակման փորձերը՝ անառիկ պահելով Մաշտոցի արցախյան դպրոցը:

Լեռնիկ Ավանեսյան (Մաճկալաշեն համայնքի ղեկավար) - Ոչ թե միայն Ամարասը, այլ ուզում էին այ էս տարածքները լրիվ վերցնել: Բայց Ամարասը միշտ գտնվել է իրենց թիրախում: Ահագին կրակել են, հարակից տարածքները լրիվ արկեր են, փոսերը կան: Ինչ վերաբերում է Ամարասին, դեռ 90-ական թվականներին էին ուզում Ամարասը վերցնել, բայց ոչ մի կերպ չհաջողվեց, որովհետև մեր պաշտպանությունն ուժեղ էր:

Վանական համալիրը հսկում է պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը: Ռուս խաղաղապահները երաշխավորում են, որ Ամարասին վտանգ չի սպառնում: Չխախտելով հրադադարի ռեժիմը՝ հակառակորդն այս հատվածում սադրում է իրավիճակը:

Մխիթար Ղուլյան (ՊԲ լեյտենանտ) - Հայերեն խոսում են, ասում են՝ օգնեցեք: Գոռում են, որպեսզի առաջ գնանք, ծուղակի մեջ հայտնվենք: Թմբերի վրա կանգնում են, գոռում են ու նորից մտնում փոսերի մեջ:

Գոյամարտի տարիներից Լեռնիկ Ավանեսյանը լեգենդար տանկիստի համբավ է վայելում: Միջազգային լրատվամիջոցներին ներկայացնում է Ամարասի պատմությունն ու հմայքը: Հիշեցնում է՝ անկախ ամեն ինչից, պետք է զգոն լինել:

Լեռնիկ Ավանեսյան - Մի քանի օր առաջ՝ հրադադարից հետո, նրանք փորձել են գյուղի վերևի բարձունքի վրա հարձակվել: Մերոնք դիմադրել են, նրանք մի քանի վիրավոր ու զոհ տալով, հետ են շպրտվել: Այդ ժամանակ ռուս խաղաղապահների զորքերը մի քիչ վերևում էին, կանչեցինք՝ եկան, նրանց հրամանատարներին զգուշացրին, որ նման բաներ այլևս չլինեն:

Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն գյուղերի բնակիչներն օրեցօր վերադառնում են իրենց տները: Թե ինչ կլինի հետո՝ դեռ դժվարանում են ասել: Բոլորը սպասում են երաշխիքների, որ այս դաշտերում վաղն աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ չեն կրակելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում