Կրակի տակից դուրս է բերել վիրավոր ընկերներին, հետո հայտնվել թշնամու թիրախում, հրաշքով փրկվել

ԳԳայանե Թամամյան

Մեր զինվորների քաջագործությունների մասին պատմությունների պակաս չկա: Ժամկետային զինծառայող Ալիկ Թամամյանը կրակի տակից դուրս է բերել իր վիրավոր ընկերներին, սակայն այդ մասին խոսել չի ուզում: Թշնամուն հետ մղելիս վիրավորվել է նաև ինքը:

Երբ մեծանան, 8-ամյա Ալեքսը փոքր եղբոր հետ արդեն որոշել են` կլինեն քեռու նման:

Ալեքս - Ես ուզում եմ քեռու նման լավ զինվոր դառնալ: 

Իսկ քեռին լուռ ժպտում է: Ինն ամիս առաջ էին նրան ճանապարհել բանակ՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Երբ պայթեց պատերազմը, Հաղարծին գյուղում տնեցիներն Ալիկից օրեր շարունակ լուր չունեին: Բացի մորից, բոլորը գիտեին, որ վիրավորվել է: 20 օր առաջին գծում, 20 օր` հիվանդանոցում:

Արևիկ Թամամյան (Ալիկի մայրը) - Բուժումը ստացավ, ամեն ինչը նորմալ, շատ հոգատար, ամեն մի զինվորի հանդեպ ուշադիր էին:

Հիմա ապաքինվում է տանը՝ մայրական խնամքի ներքո: Վիրավոր 20 ընկերոջն օգնած, կրակի տակից դուրս հանած և ապահով վայր տեղափոխած համեստ, քչախոս զինվորի մասին շատերն իմացան պատահաբար: Մայրը պատմում է հիվանդանոցում իր տեսածը:

Արևիկ Թամամյան - Ալիկին միջանցքով տանում էին, այդ ժամանակ աչքը մի պահ ընկավ, ասաց` վայ, Վահեն, շրջվեցինք, վայ, Ալիկ ջան, ցավդ տանեմ, կարո՞ղ եմ քեզ համբուրել: Հետո մայրը եկավ, ասաց՝ մայրիկ ջան, այս տղեն է, որ ինձ փրկել է: Եկան մի քանի երեխա, մեկը 2-րդ հարկում, մյուսը` 4-րդ հարկում էր պառկած, լսել էին, որ Ալիկն էլ է վիրավորվել: Հավաքվեցին, եկան մեր պալատ, ինքը ոչ մի բան չէր ասում, տղաները սկսեցին պատմել, թե ինչպես է օգնել իրենց:

Իսկ Ալիկի խոսքը ժլատ էր, կամային հայացքը՝ խոսուն: Մարտի մեջ են մտել հենց առաջին օրը:

Ալիկ Թամամյան (ժամկետային զինծառայող) - Հոկտեմբերի 15-ն էր, թշնամուն հետ մղելու ժամանակ տղաները վիրավորվեցին, հոսպիտալ տարել եմ 5 հոգու, մեկ էլ հետ եմ եկել, մեր բժշկի հետ սկսել վիրավորներին առաջին օգնություն ցույց տալը, տարել հոսպիտալ, եկել:

Այդ ընթացքում ասում է` պայթյունից ականջները մոտ 5 րոպե խլացել են, հետո վերականգնվել, շարունակել է գործը մինչև հաջորդ առավոտ: Պատմում է` թշնամուն տեսել են մոտ 100-200 մետր հեռավորության վրա, կռվում էին խառնիխուռն հրոսակախմբերի, ոչ թե զինվորների դեմ:

Ալիկ Թամամյան - Ահաբեկիչներ էին, տարիքով էին իրենք, զինվոր չկար, բոլորն ահաբեկիչներ էին, առանց բրոնե ժիլետի, առանց կասկայի, գալիս էին խառը, ինչ ասես օգտագործում էին: Մենք բարձր տեղ էինք, իրենք՝ ներքևում, իրենք տեխնիկայով եկան:

Ոչ ոք զոհվելու մասին չէր մտածում, բոլորս մի միտք, մի սիրտ, մի բռունցք ենք, մեր ոգին անառիկ բերդ է, որովհետև, ի տարբերություն թշնամու, մենք մեր տունն ենք պաշտպանում,- ասում է 19-նամյա Ալիկ Թամամյանը:

Ալիկ Թամամյան - Մեր պապերն են պահել այս հողը, տղաների արյունն է թափվել այս հողում, պետք է արյան գնով էլ լինի՝ պահենք:

Ռազմաճակատը զգացմունքի տեղը չէ, բայց հուզվել են թիկունքից հասնող օգնությունից` սննդից, հագուստից, քաղցրավենիքից, իսկ ամենից շատ` դպրոցականների նամակներից:

Հաղարծին գյուղի դպրոցի ուսուցչուհին, որ 8 տարի Ալիկենց դասարանի դասղեկն է եղել, հպարտ է և´ Ալիկի, և´ այսօր առաջնագծում շատ շրջանավարտների համար: Ցավոք, 2 զոհ ունեն:

Մարգարիտա Քոչարյան (Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) - Ես հպարտանում եմ Ալիկի, նաև մեր բոլոր տղաների համար՝ Ռուշանի, Դավիթի, որ մեկին ասեմ, անփորձանք ծառայեն, հասնեն տուն; Ես վստահ էի նրանց հայրենասիրությանը և ընկերասիրությանը, վստահ եմ, որ կհաղթեն:

Ալիկը փոքր տարիքում կորցրել է հորը, իր հասակակիցներից ավելի շուտ մեծացել, տան միակ տղամարդը մոր հետ 2 քրոջ հոգսն իր ուսերին էր առել; Հարեհաս տղա է մեծացել, ասում են գյուղացիները: Հիմա էլ արկի բեկորները մարմնում, մտքերը` դիրքերում, ոգին՝ անկոտրում:

Ալիկ Թամամյան - Քանակով քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, վախկոտ հայ զինվոր չկա, եթե լինի, հող էլ չի լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում