Սահմանին արտադրվող գինու հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՄՄայա Խաչատրյան

Արտադրված է Տավուշում՝ բանակին թիկունք կանգնելու համահայկական կոչով: Սահմանին պատրաստված գինիների վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հեղինակը վերինկարմիրաղբյուրցի Գարիկն է:

Գարիկ Վանեսյան (Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ) -  Այս նախաձեռնությամբ ուզում եմ մեր բանակին առաջինն օգնած լինել, որպեսզի մի օր շուտ մեր հաղթանակն ապահովենք: Այլ նպատակ չկա, չենք էլ ուզում շարունակել:

Շշի նկարն արդեն հուշում է՝ նպատակը բիզնեսի համար վաճառքը չէ: Արցախը կյանքով պաշտպանած զինվորներից մեկի՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի դարձած նկարն է որպես պիտակ ընտրել: Գինին իր այգուց հավաքած խաղողից է:

Գարիկ Վանեսյան - Եթե չեմ սխալվում, մոտավորապես 30-35 շիշ արդեն վաճառվել է: Տնական գինի է, մենք ենք սարքում:

Գինու արտադրության սարքավորումները վաղուց գնել, մառանն արտադրամաս էր դարձրել, բայց չէր օգտագործում: Պատերազմն առաջ գցեց ծրագրերը: Աջակցությունն օր առաջ բանակին փոխանցելու համար կարմրահյութ տեսակի խաղողից խմիչքի պատրաստման տեխնոլոգիան արագ յուրացրեց:

Գարիկ Վանեսյան - Ծանոթներին, բարեկամներին տեղյակ պահելով, որ նման բան ենք որոշել, հասցնում ենք տիրոջը գինին:

Հատուկ նպատակով պատրաստված գինու մեկ շիշն արժե 2000 դրամ: Այս տարվա խաղողի բերքից 1 տոննան տակառներում տան կարիքների համար չի պահեստավորի, կշշալցնի, բարեգործական նպատակով կիրացնի: Սահմանամերձ գյուղի բնակիչն ու հայրենիքի պաշտպանը լավ գիտի խաղաղության գինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում