ՆՆարե Ոսկանյան

ՔՐՈՆԻԿՈՆ 2

                                                        ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ

Թվիթերում Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը գրել է․ «Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել և վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»։

                                                 ԿՐԵՄԼՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

 «Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ խմբի անդամ, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար, մենք այդ մասին արդեն հայտարարել ենք տարբեր մակարդակներում։ Գիտեք, որ ակտիվ հեռախոսային շփումներ են եղել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Բաքվի ու Երևանի նրա գործընկերների միջև։ Եվս մեկ անգամ երկու կողմին էլ զսպվածության կոչ ենք անում»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Կրեմլում խորապես անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին զսպվածության ու կրակը դադարեցնելու կոչ են անում:

                                     ԻՋԵՎԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը, կենտրոնը կտեղակայվի մարզպետարանի շենքում։ Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը։ Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնից բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: Ուղիղ եթերները կհեռարձակվեն բաց կապուղով, այս հարցում աջակցելու է Առաջին ալիքը։

                                ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԱՆԸ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ Է ՀՐԵՏԱՆԱՅԻՆ                                                                              ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՎ                

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 14-ին՝ ժամը 16:19-ին ֆեյսբուքում գրեց, որ արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10 կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ստեփանյանը նշել էր, որ Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈՒ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։

                                             ՀԱՊԿ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿՈՉԸ

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա կոչ է արել դաշնակիցներին՝ դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն։

                               ՀԱՅԿԱԿԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 14-ին ժամը Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում 12 լեզվով կատարել է հետևյալ գրառումը. «Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»: Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։

                                   ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 14-ին Տեղեկատվության ստուգման կենտրոնից տեղեկացրեցին, որ արդբեջանական հատուկ ծառայությունները կեղծ տեղեկություններ են տարածում՝ ներկայացնելով ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների ցուցակը՝ որպես այսօրվա կորուստներ։

                                      ԿՈՉ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Հուլիսի 14-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դիմել է արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ ներկայացնելով սահմանային լարված իրավիճակի մանրամասները։

                               ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԳՅՈՒՂԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին՝ տեղեկացրեց, որ  կան վնասված բնակելի տներ:

«Այս պահին իրականացնում ենք վնասի գնահատում, որպեսզի օգնենք այդ տների բնակիչներին՝ իրենց կենսապահովման հարցերը լուծելու: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ կամ վնասներ չունենք: Ինչպես երկու օրվա ընթացքում, այս պահին ևս ընդհանուր առմամբ ժողովրդի ինքնազգացողությունը հանգիստ է. խուճապի մասին խոսք լինել չի կարող»,-հայտնել է Չոբանյանը։

                                            ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԶՈՀ

Հուլիսի 14-ին երեկոյան՝ 18:12-ի սահմանում, ՊՆ մամուլի խոսնակը գրառում կատարեց տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

                                           ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «Elbit Hermes 900» ԱԹՍ-Ի ԽՈՑՈՒՄԸ

Հուլիսի 14-ին՝ ժամը 18:45-ին , ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակում է կադրեր, թե ՀՀ ԶՈՒ-ն ինչպես է խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշել է՝ «Երևի սա Hermes 900 ի առաջին խոցումն է նաև աշխարհում»:

                                                ՄԻՊ - ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

Հուլիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ: Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող ահազանգերը։Ուշադրություն է հրավիրվել նաև Պաշտպանի միջազգային զեկույցների վրա։ Դրանք կուղարկվեն նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ։

                                                          ՆԱՏՕ-Ի ԿՈՉԸ

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հուլիսի 14-ին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությանը:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ, և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- հայտարարել է նա:

                           ԻՏԱԼԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն իր թվիթերյան էջում համերաշխություն է հայտնել Հայաստանին:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին։
Հուսով եմ, որ մարդկային կյանքի պահպանումն ու խաղաղությունը գերակշռում են դաժանության և բռնության նկատմամբ»,- գրել է իտալացի պատգամավորը:

                           ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

«Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների ... և այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք՝ թիկունքում և Ձեր մեջ»,- նշված է Մոնթե Մելքոնյան հայկական կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջում։

                                 ԻՍՊԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,- գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն թվիթերյան իր էջում:

                       ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽՈՑԱԾ ԱԹՍ-Ն՝ ՇՈՒՐՋ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐ

«Հայկական զինված ուժերի կողմից այսօր խոցված ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ի արժեքը գնահատվում է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար:

Ընդ որում՝ սա իսրայելական արտադրության այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է»,- ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

                             ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիսի 14-ին, երեկոյան «Լուրերի» ուղիղ եթերում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ասաց․«Ցավոք, օրվա ընթացքում ունեցել ենք գնդակոծություններ, ռմբակոծություններ մեր համայնքներում: Վնասվել են տներ, ունեցել ենք հրդեհներ, որոնք մարվել են: Բարեբախտաբար, քաղաքացիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, ամեն ինչ հսկողության ներքո է, մեր բանակն իր խնդիրը լուծում է սահմանին, որը մեզ հնարավորություն է տալիս հանգիստ լինել:

Լարվածություն որոշակի կա, խուճապ չկա, կա զգոնության բարձր մակարդակ: Վարչական ղեկավարությունը, համապատասխան ծառայությունները, բնակչության այն հատվածը, որը կարող է և ունի այդ հնարավորությունը ներգրավված է պաշտպանունակության, գյուղի դիմադրողականության, դիմակայունության բարձրացման աշխատանքում»։

                                 ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

                                                                ԱԳՆ-ԻՐԱՆ

Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

                                                   ՓԱՇԻՆՅԱՆ- ՊՆ- ԶՈՒ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Ընդգծել են, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

                                                  ՄԱԿ- ԱԳՆ- ՏԵՍԱՈՒՂԵՐՁ

Հուլիսի 14-ին, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես է եկել տեսաուղերձով` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում։ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանն աներկբայորեն սատարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչին և ողջունում  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2532 բանաձևի ընդունումը` COVID-19 համավարակի վերաբերյալ, որում պահանջվում է «բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում»:

                                                         ԿԻՊՐՈՍ- ՀԱՅԱՍՏԱՆ

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հայտնել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներով:«Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով: Մենք սատարում ենք հայ ժողովրդին և հուսով ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- հայտարարել է նա։

                                          ՏԱՎՈՒՇ- ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ

Հուլիսի 14-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` նշելով, որ վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ ցանկություն են հայտնել մեկնել Տավուշ:

                                           ՀՈՒԼԻՍԻ 14. ԲՐԻՖԻՆԳ- ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք ստացել են միջին և թեթև կարգի վնասվածքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:  «Ադրբեջանական զինված ուժերը սադրանք են իրականացրել ՀՀ սահմանների նկատմամբ, տեղի են ունեցել մարտական գործողություններ: Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը: Մասնավորապես, Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարիրաղբյուր, Պառավաքար համայնքները: Այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար, որն ընթացքում վերականգնվել է: Թիրախավորվում է խաղաղ բնակչությունը: Բարեբախտաբար, զոհեր չունենք: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր: Մենք վաղը կփորձենք տեղում տեսնել այդ ավերածությունները: Նրանք կիրառել են իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ: ՀՀ ԶՈՒ-ն ամբողջ հրետակոծության ընթացքում կատարել է իր առջև դրված մարտական խնդիրները և լռեցրել հակառակորդին հնարավոր բոլոր ձևերով:18:00-ից սկսած սահմանում համեմատաբար իրավիճակը հանգիստ է, շատ քիչ կրակոցներ կան, կա լարվածության նվազում: Կան վիրավորներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթացքում կփորձենք իրազեկել նրանց վիճակի մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել և վստահություն հայտնեց, որ հետո էլ տեղի չի ունենա: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում:

                                                   ՇՎԵԴԻԱ- ՀԱՅԱՍՏԱՆ

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին` կոչ անելով աշխարհին դատապարտել Ադրբեջանի շարունական հարձակումները:

                                                                  ԵԱՀԿ- ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:Ռաման նշել է, որ խորապես մտահոգված է բռնության աճով, որը տեսնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, և կոչ է արել անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը:

ՀՈՒԼԻՍԻ 15. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

 

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ժամը 08:00-ին ՝ գրառում կատարելով ֆեյսբուքում::  Նշվում է, որ ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։

ԲԱՔՎԻ ՑՈՒՅՑԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱ՞ՄԲ

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցած ցույցերին` նշելով, որ այն կազմակերպվել էր պետական աջակցությամբ և խրախուսմամբ, սակայն դուրս էր եկել վերահսկողությունից.«Ադրբեջանական գիշերային քրոնիկոն. պետական աջակցությամբ և խրախուսմամբ Բաքվում կազմակերպվում է բազմամարդ ակցիա` բանակին աջակցության հայտնելու, պատերազմ հայտարարելու կարգախոսներով: Նպատակը պարզ է` ցույց տալ, թե իբր «ժողովուրդը պատերազմ է ուզում»: Ինչ-որ պահի բազմամարդ ցույցը սկսում է դուրս գալ վերահսկողությունից. ցուցարարները ներխուժում են խորհդարանի շենք, կողաշրջում են ոստիկանական ավտոմեքենա, բախվում են ոստիկանների հետ:
 Ոստիկաններն սկսում են մահակներով ու ջրցաններով ցրել իշխանությունների կազմակերպած և Ղարաբաղը պահանջող ցուցարարներին, առանձնահատուկ հայրենասերներին` բերման ենթարկում»,- գրել է նա: 

ԱՄՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղությանն ուղղված սպառնալիքի դատապարտման հարցում ԱՄՆ-ն պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի. «Ադրբեջանի վերջին հարձակումը Տավուշի, Հայաստանի վրա հրադադարի համաձայնագրի խախտում և ադրբեջանցիների կողմից իրենց սահմանները մշտադիրտարկելուց հրաժարվելու արդյունք է: Խաղաղությանն ուղղված սպառնալիքի դատապարտման հարցում ԱՄՆ-ը պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի»,- ասել է նա:

ԱՄՆ ՆԵՐԿՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏ- ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը կքննարկի Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, ուստի այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան զսպել Ալիևի ագրեսիան»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` նշելով, որ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի` հուլիսի 20-ին:

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳՈՎԱՏՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Հենց նոր ստորագրեցի Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խոնարհվում եմ ձեր և ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել ձեզ և ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք: Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է ՀՀ վարչապետը հուլիսի 14-ին՝ ժամը 10:01՝  Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում