ՌՌոզա Խաչատրյան

Սահմանափակումները կիրառելու շնորհիվ մարդկանց շարժը օրվա պիկ ժամերին ընկել է մոտ 40 տոկոսով․ Ավինյան

Սահմանափակումները կիրառելու շնորհիվ մարդկանց շարժը օրվա պիկ ժամերին ընկել է մոտ 40 տոկոսով․ Ավինյան

Մեր նպատակն է եղել հնարավորինս հարթեցնել վարակի տարածման դինամիկան ժամանակի մեջ՝ ապահովելով դրա մարումն առանց անկառավարելի պիկերի, ապահովել առողջապահական համակարգի արձագանքման կայուն հնարավորությունը և հնարավորինս չեզոքացնել ռիսկային խմբերի վարակման դեպքերը՝ նշեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Կառավարության ռազմավարությունն ու վարակի տարածման դեմ կազմակերպած միջոցառումները թվարկելիս։ 

«Գործողությունները պետք է լինեն ոչ թե արձագանքող, այլ կանխարգելող։ Անորոշությունը կառավարելի դարձնելու տրամաբանությամբ՝ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հնարավորինս պահպանելով 1-ից փոքր մեծության միջակայքում, որը կնշանակեր, որ անձը վարակում է միջինում մեկ մարդու»,- նշեց փոխվարչապետը։

Անդրադառնալով արտակարգ ռեժիմից բխող սահմանափակումներին՝ Ավինյանը նշեց, որ նման իրավական ռեժիմի հաստատումը կարող է ուղեկցվել տնտեսական գործունեության, ազատ տեղաշարժի և այլ սահմանափակումներով, որոնք կիրառվել են մեր երկրում։

«Սահմանափակումների կիրառման խստացման կամ թուլացման վերաբերյալ որոշումները կախված են տվյալ պահին առողջապահական համակարգի պատրաստավածությունից և վարակի տարածման դինամիկայից։ Սահմանափակումներն անպայման զուգակցվում են կանխարգելիչ այլ միջոցառումների և գործիքների հետ՝ քանի դեռ տարածման ինտենսիվությունը հարթ չէ, կամ չի դիտարկվում վարակի մարման դինամիկա»,- նշեց Ավինյանը։

Անդրադառնալով առաջին երկու փուլերին՝ Ավինյանը նշեց, որ առաջին փուլում  Հայաստանը փակել է իր սահմանը Իրանի հետ, փակել է ուսումնական և մշակութային հաստատությունները, 10 օրով փակել է հայ-վրացական սահմանը, մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն։

«Հիմնական եզրակացություններն առաջին փուլի սրանք են։ Մեղմ սահմանափակումների կիրառման փուլում  վարակը բերովիից վերածվել էր պլաստերային։ Տեղի էր ունեցել վարակի տեղային փոխանցում։ Վարակը տարածվել է Երևանում, արձանագրվել են դեպքեր 7 մարզերում»,- նշեց փոխվարչապետը։

Երկրորդ փուլում մարտի 23-ին հայտարարվում են տնտեսական սահմանափակումներ, արտակարգ ռեժիմի խախտումների համար սահմանվում են տույժեր ու տուգանքներ, պետական համակարգն անցնում է արտակարգ կառավարման, մարտի 25-ին հայտարարվում են ինքնամեկուսացում և ազատ տեղաշարժի սահմանափակումներ, մարտի 26-ին գրանցվում է վարակից մահվան առաջին դեպքը։

«Սահմանափակումների արդյունքում մենք ունեցել ենք մի պատկեր, որը մեզ ապացուցել է, որ սահմանափակումները էֆեկտիվ են։ Արտակարգ դրություն մտցնելուց հետո մարդկանց շարժն օրվա պիկ ժամերին՝ 17:00-ից 20:00-ն, ընկել է մոտ 25 տոկոսով, իսկ սահմանափակումները կիրառելու արդյունքում մարդկանց շարժը օրվա պիկ ժամերին ընկել է մոտ 40 տոկոսով։ Սահմանափակումների պահպանման հարցում բնակչության կողմից նկատելի են եղել բազմաթիվ խախտումներ, վերահսկողական կարողություններն ավելացվել են և ավելացվելու են»,-նշեց փոխվարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում