Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Բաթումում տեղի ունեցած՝ թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեր-Շևայի» միջև ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուների գործողություններին, ինչի հետևանքով վիրավորվել էին ոստիկաններ, տասնյակ երկրպագուներ ձերբակալվել են:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին և ներքին գործերի նախարարին՝ կարգուկանոնի ապահովմանն ուղղված ջանքերի համար: Նա երկրպագուների գործողությունները «շատ ծանր սադրանքներ» է որակել։
«Մենք մեր թուրք բարեկամներին եզակի հնարավորություն ընձեռեցինք երկրից դուրս, բայց լեփ-լեցուն տրիբունաներով հանդիպում անցկացնել մեր երկրում։ Այլ երկրում նրանք նման հնարավորություն չէին ունենա։ Մենք սա հաշվի առանք։ Չնայած նրան, որ, բնականաբար, ռիսկեր կային, մենք այս բարեկամական ժեստն արեցինք՝ հաշվի առնելով հենց այն սերտ բարեկամությունը, որը կապում է մեր երկու երկրներին՝ Վրաստանին և Թուրքիային։ Ուրախ եմ, որ թուրք երկրպագուների մեծ մասը մեր այս առաջարկը շատ արժանապատվորեն ընդունեց, և նրանք շատ արժանապատվորեն ժամանեցին մեր երկիր։ Սակայն մի քանի հարյուր երկրպագու աչքի ընկավ սադրիչ գործողություններով։ Սա մեզ համար շատ ցավալի էր»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Կոբախիձեն կոչ է արել զերծ մնալ միջադեպի վերաբերյալ սադրիչ հայտարարություններից:
Դեպքից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու հետ։ Նաև Վրաստանում Թուրքիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մարզադաշտում անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։










