Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը՝ մեկ հարկի տակ համախմբելով եվրոպական տարբեր երկրների մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։




Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը շնորհավորել է առաջնությունների մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել մասնակիցներին։ Տիգրան Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին որդեգրել է միջազգային խոշոր մարզական միջոցառումներ, այդ թվում՝ ներառական մարզական մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն՝ կարևորելով սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծումը, ներառականության ապահովումը և միջազգային մարզական համագործակցության զարգացումը։
«Ըմբշամարտը Հայաստանի համար հենակետային և հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձև է։ Ձեր կամքի ուժը և նվիրումը օրինակ են բոլորիս համար»,- նշել է Տիգրան Սիմոնյանը՝ մասնակիցներին մաղթելով գեղեցիկ, արդար պայքար և հաղթական գոտեմարտեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հույս է հայտնել, որ մարզական մրցումներից բացի՝ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Հայաստանի, մասնավորապես՝ Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը և վայելելու հայկական հյուրընկալությունը։
Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին՝ առաջնությունները հյուրընկալելու և ցուցաբերած ընդունելության համար։ Նա բարձր է գնահատել մրցաշարերի կազմակերպական աշխատանքներն ու մարզիկների համար ստեղծված պայմանները։
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանն իր հերթին կարևորել է Հայաստանում նման հեղինակավոր միջազգային մրցաշարերի անցկացումը՝ խուլերի սպորտի զարգացման, միջազգային համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկյունից։ Նա հատկապես ընդգծել է պատանի և երիտասարդ մարզիկների մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ նման առաջնությունները նպաստում են նրանց մարզական ներուժի բացահայտմանը, մրցակցային փորձի ձեռքբերմանն ու հետագա առաջընթացին։
Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի և Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի սաները համատեղ կատարել են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով։ Այնուհետև տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթը։
Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 8-րդ, ինչպես նաև պատանիների և երիտասարդների Եվրոպայի 5-րդ առաջնություններին Հայաստանի հավաքականը ներկայացված է ավելի քան 20 մարզիկով։ Մարզական ստուգատեսները համախմբել են 11 երկրների շուրջ 300 մարզիկների և պատվիրակությունների ներկայացուցիչների։
Առաջնությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 1-ը։










