Չեխիայում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով հանրային լրատվամիջոցների ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրի դեմ: Կառավարությունը նախատեսում է այդ ֆինանսներն ուղղել պետական բյուջե, սակայն քննադատները նշում են, որ դա կարող է խաթարել հեռարձակողների անկախությունը և կենսունակությունը:
Օրինագծով նախատեսվում է չեղարկել տնային տնտեսություններից գանձվող 9 դոլարի չափով վճարը, որի հաշվին ֆինանսավորվում են հանրային հեռարձակողները:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ այդ փոփոխությունները թույլ կտան թեթևացնել բնակչության ֆինանսական բեռը: Նաև առաջարկվում է 15 տոկոսով կրճատել հեռարձակողների ֆինանսավորումը:
Ըստ լրատվամիջոցների՝ դա կխոչընդոտի իրենց բնականոն աշխատանքը:










