Ընդդիմությունը և նրա քարոզչական աջակիցները վկայակոչում են վարչապետ Փաշինյանի 2024 թ․ ելույթները, երբ նա ասել է, որ Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի։
Նրանք հարցադրում են անում, թե ինչ է փոխվել, որ Փաշինյանը երկու տարի անց նույնը չի պնդում, փոխարենն առաջարկում է ՀՀ Սահմանադրության նախաբանից զեղչել Անկախության հռչակագրին հղումը։ Առաջին հայացքից խնդիրը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով լեգիտիմ է։ Բայց 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերը նախաստորագրել են «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիր, որի նախաբանի իմաստով Հայաստանը և Ադրբեջանը հանդիսանում են համապատասխանաբար ՀԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդներ։ Պայմանագրի առաջին հոդվածով կողմերը հաստատում են, որ ԽՍՀՄ կազմում ունեցած սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ և որպես այդպիսիք ճանաչվել են միջազգային հանրության կողմից, և այդ հիմքով ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։
Հաջորդիվ Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Ադրբեջանի սահմանադրության նախաբանը հղում է «Պետական անկախության մասին» ակտին, որն ընդունվել է 1991 թ․ օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի հիման վրա։ Այդ հռչակագրով Ադրբեջանն ընդունել է 1918–20 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդությունը։
Մինչդեռ 2025 թ․ օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրով Ադրբեջանն իրեն ճանաչում և Հայաստանի հետ հարաբերություններ է հաստատում որպես նախկին ԽՍՀՄ կազմում գտնված Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ։ Անշուշտ, գործ ունենք իրավական հակասության հետ, բայց դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, թե ինչպես է վավերացնելու պայմանագիրը։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը Հայաստանի հետ «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիրը սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչի։ Ոչ ոք այդ հավանականությունը բացառել չի կարող։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդությունը «խորհրդանշական է, և սահմանադրության նախաբանում նրա հռչակած տարածքների նկատմամբ ինքնիշխանության որևէ ձևակերպում չկա»։
Ֆորմալ առումով իրոք այդպես է։ Կարելի է համարել, որ Բաքուն այդպիսով ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական խնդիր է լուծում։ Այս առումով անիմաստ է հիշեցնել վարչապետ Փաշինյանի 2024 թ․ հայտարարությունները և վկայակոչած փաստարկները, քանի որ հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը տարածքային և սահմանազատման հարցերում մտահոգությունները հանել է։ Մնում է, որ այն ստորագրվի, վավերացվի և մտնի ուժի մեջ։
Վահրամ Աթանեսյան










