Ադրբեջանը Ուկրաինայի հարցում հետքա՞յլ է արել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ադրբեջանը Ուկրաինայի հարցում հետքա՞յլ է արել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Նոյեմբերի 12-ին Դուբլինում Ֆրանսիայի նախաձեռնությամբ ընդունվել է «Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքների մասին» հռչակագիրը։ Այն ռազմական դաշինք չի ստեղծում, այլ քաղաքական հայտարարություն է՝ ուղղված միջազգային իրավունքի և եվրոպական անվտանգության գործող մեխանիզմների ամրապնդմանը։

Այս փաստաթուղթն ընդունվել է մի փուլում, երբ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ փորձ է արվում վերականգնել ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացը, իսկ ամերիկյան մամուլը տեղեկացնում է Ռուսաստանի նոր պահանջների մասին։ Աբու Դաբիում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա ձևաչափով երկօրյա բանակցություններից հետո Կրեմլը հայտարարել է «անբաժանելի անվտանգության և խաղաղության նոր, երկարաժամկետ ճարտարապետության» մասին։

Արևմտյան մամուլին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆին ներկայացրել է ՆԱՏՕ-ն 1997 թ. սահմաններին վերադարձնելու պահանջ՝ բացառելով հետխորհրդային որևէ երկրի անդամակցությունը կամ նրանց տարածքում սպառազինությունների տեղաբաշխումը։

Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկին, որն Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսաստանյան պատվիրակության ղեկավարն է, այդ պահանջները հիմնավորել է «Յալթա-2» կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև «աշխարհի բաժանման» նախադեպը կրկնելու մասին է։

Սպիտակ տունն անոնսավորել է, որ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում տեղի կունենա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը։ «Եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների» մասին հռչակագիրը, կարծես, ազդակ է, որ առանց Եվրոպայի հնարավոր չէ «աշխարհի նոր բաժանում» կատարել։ Ուշագրավ է, որ թեև Դուբլինում կայացել է Զելենսկի-Ալիև հանդիպումը, պաշտոնական Բաքուն չի միացել «Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքների մասին» հռչակագրին, որով մասնակիցները լիակատար աջակցություն են հայտնում 1991 թ. սահմաններով Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում