Արփինե Սարգսյանը հետևել է ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի մարտավարական վարժանքին և պարգևներ հանձնել

Արփինե Սարգսյանը հետևել է ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի  մարտավարական վարժանքին և պարգևներ հանձնել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին այցելել է ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի վարչական համալիր։

Արփինե Սարգսյանը, նախարարի տեղակալներ՝ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը, Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը ծանոթացել են նոր սպառազինությանն ու տեխնիկային, հատուկ միջոցներին, ապա հետևել Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների կողմից իրականացվող ամբոխի կառավարման մարտավարական վարժանքին։

Այնուհետև կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը ներկայացրել է 1 տարվա ընթացքում ծառայության գործունեության ամփոփ հաշվետվությունը։

Հայկ Բաբայանը նշել է, որ Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել, ինչպես նաև ապահովել հանրային, մշակութային և սպորտային բազմաթիվ միջոցառումների ժամանակ հասարակական կարգն ու անվտանգությունը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որպես կարևոր ձեռքբերում ընդգծել է, որ հասարակական կարգի և անվտանգության ապահովման տեսանկյունից Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ գաղափարական նոր փոփոխություն է ներդրվել։ Անդրադառնալով Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից հանցագործությունների բացահայտման դրական ցուցանիշին՝ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է ինտենսիվորեն շարունակել հանցավորության բացահայտման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև բանակցային բաժնի ծառայությունը, ինչը նորություն է այս գործընթացում՝ ընդգծելով կարողությունների զարգացման և ընդլայնման դերը բաժնի հիմնական առաքելության իրականացման շրջանակում։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարում տեղի ունեցած խոշորամասշտաբ միջոցառումների ժամանակ որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել, ինչը նաև բանակցային բաժնի ծառայողների կատարած աշխատանքի արդյունքն է։

Անդրադառնալով ծառայողների կարողությունների շարունակական զարգացմանը՝ նախարարը կարևորել է վերապատրաստումների դերը՝ հատկապես ուժային միջոցների գործադրման ստանդարտի պատշաճ ապահովման տեսանկյունից, և շեշտել, որ ստանդարտից ցանկացած շեղում անընդունելի է։ ՆԳ նախարարը նաև ընդգծել է Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների ամբողջական համալրվածության կարևորությունը և հանձնարարել կայուն անձնակազմի ձևավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։

Խորհրդակցության ավարտին ՆԳ նախարարն ու Ոստիկանության պետը բարեխիղճ ծառայության համար Ոստիկանության գվարդիայի մի շարք ծառայողների պարգևներ են հանձնել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում