«Ես կարծում եմ՝ այն շատ-շատ կարևոր է, քանի որ ես չեմ կարծում, թե Եվրոպական միությունը կուզենա, պատրաստ կլինի ընդունել պետություն, որն ունի հակամարտություն, և ես կարծում եմ՝ հատկապես մեր պարագայում լավ լուր կա։ Լավ լուրն այն է, որ մենք խաղաղություն հաստատել ենք Ադրբեջանի հետ»,- այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Euronews-ի հարցին։
«Դա եղավ անցյալ տարի՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը՝ Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Ի միջի այլոց, շատ կարևոր է այն հանգամանքը, որ դա միայն խաղաղության հռչակում չէր։ Սկզբում դա խաղաղության հռչակում էր, որը, սակայն, տեղում՝ գետնի վրա, իրողության վերածվեց։ Հիմա տեղում՝ գետնի վրա, մենք ունենք իրական խաղաղություն։ Բայց դիտարկելով հատկապես, թե ինչ է կատարվում աշխարհում, շատ կարևոր է այն, որ հիմա դա ինստիտուցիոնալացվող խաղաղություն է։ Ի միջի այլոց, Վաշինգտոն քաղաքում խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց մեր արտգործնախարարների կողմից, և մենք հիմա պետք է ստորագրենք։ Մեզ անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։
Ես նշեցի տարածաշրջանը, և մեր տեսանկյունից Հարավային Կովկասն ընկալում ենք որպես ամբողջական մեկ օրգանիզմ։ Կարծում եմ, որ Հարավային Կովկասն ամբողջական մեկ տարածաշրջան է, իհարկե, տարբերություններով հանդերձ, սակայն ընդհանուր շահերով, և կարող են լինել ընդհանուր կարծիքներ և ռազմավարություններ և տեսակետներ, բայց մենք հիմա արդեն ունենք շատ լավ համագործակցություն, իհարկե, Վրաստանի հետ։ Ավանդաբար մենք շատ սերտ և ջերմ հարաբերություններ ունենք։
Հիմա Ադրբեջանի հետ մենք ստեղծում ենք հարաբերություններ, ունենք երկկողմ առևտուր, և հիմա պատրաստվում ենք TRIPP նախագիծն իրականացնել, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի։ Եվ այս ամբողջ գործընթացն ամբողջովին նոր գլոբալ դերակատարում կբերի Հարավային Կովկասին։ Ես նկատի ունեմ մատակարարման գլոբալ շղթաների ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը. այն ճգնաժամի, որն այսօր աշխարհի առջև ծառացել է։
Եվ Հարավային Կովկասում TRIPP նախագիծը, խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, համագործակցությունը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի միջև, հատկապես լոգիստիկ ոլորտում, նոր հնարավորություն են բերում՝ հաղթահարելու համար մատակարարման գլոբալ շղթաների ճգնաժամը, հատկապես հաշվի առնելով, որ Կենտրոնական Ասիան մոտենում է։ Ամբողջ այս տարածաշրջանը նկատի ունեմ։ Ավելի կարևոր է դառնում ամբողջ աշխարհի համար, և աշխարհում այժմ մենք նոր համաշխարհային առևտրային ուղի ձևավորելու գործընթացում ենք. ուղի, որը կծառայի բոլոր երկրներին, հատկապես Եվրոպական միությանը, Չինաստանին, Մերձավոր Արևելքին, Միջին Արևելքին, ասիական, աֆրիկյան երկրներին»,- նշեց նա։










