Ազգային ժողովում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, անդրադառնալով պաշտոնի համար առաջադրված թեկնածու, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե ընտրվելու դեպքում կդադարեցնի քաղաքական գործունեությունն ու կուսակցական պատկանելությունը, հարցրեց.
«Ինչո՞ւ եք պատրաստվում, այսքան տարի Դաշնակցության անդամ լինելով հանդերձ, դադարեցնել կուսակցական պատկանելությունը։ Արդյոք այսքան թա՞նկ է այդ պաշտոնը ձեզ համար, քան կուսակցությունը... Այդ անկախ պաշտոնում կկարողանա՞ք անկախությունը պահել և Ձեր դաշնակցական ու կուսակցական պատկանելությունը մի կողմ դնել»։
Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ ապաքաղաքական գործունեությունն օրենքով նախատեսված պահանջ է, կուսակցական պատկանելության դադարեցումը՝ ևս, ապա հայտարարեց. «Այո՛, ընտրվելու դեպքում դադարեցնում եմ այդ ամենը։
Թանկ և էժան։ Չգիտեմ՝ ինչից ելնելով եք փորձում պաշտոնն ու կարգավիճակը ինչ-որ նժարի վրա դնելով՝ ասել՝ թանկ կամ էժան։
Ուսանող տարիներից հետո կատարել եմ հանրային ծառայության աշխատանք։ Իմ կենսագրության մեջ հանրային ծառայությունը եղել է կենտրոնական տեղում»,– ասաց նա և հավելեց. «Իմ էությամբ եմ ես դաշնակցական, իմ համոզումով եմ ես դաշնակցական։ Որևէ պաշտոն չի կարող փոխել մարդու էությունը, բայց երբ կան Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված լիազորություններ, որոնք պետք է իրականացնել, դու պետք է իրականացնես՝ անկախ քո կուսակցական պատկանելությունից»։
Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց, որ այն հիմնարար արժեքի կողմնակիցն է, ըստ որի՝ եթե օրենքով նախատեսված պարտականություն և լիազորություն կա, ապա պարտավոր ես դա անել ըստ հավուր պատշաճի։
Պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը եզրակացրեց՝ Արծվիկ Մինասյանը դադարեցնում, սառեցնում է կուսակցական պատկանելությունը, որպեսզի «թղթերով ճիշտ լինի»։










