ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպվեց հայ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովը՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Այս մասին հայտնում է նախաարությունը։
«Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։ Նրա ուսումնասիրությունները հայոց լեզվի ծագման, պատմության, բարբառների և այլ լեզուների հետ առնչությունների վերաբերյալ կարևոր ներդրում են ունեցել ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական համաշխարհային գիտության մեջ։
Գիտաժողովին հաջորդել է «Տեղն ու ժամանակը․ անցյալից դեպի ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Երևանի Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակին։ Ցուցահանդեսը ներկայացնում է մայրաքաղաքի ճարտարապետական ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկի պատմությունն ու նշանակությունը։
Բացման խոսքով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։




Դեսպան Արամ Հակոբյանն ընդգծեց, որ Հանրապետության հրապարակը ավելին է, քան Երևանի ճարտարապետական դիմագիծը․ այն արտացոլում է հայ ժողովրդի պատմությունն ու ձգտումները և հանդիսանում պետականության կենդանի խորհրդանիշ։
Տիգրան Վիրաբյանն իր խոսքում կարևորեց Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական ժառանգությունը՝ նշելով, որ Հանրապետության հրապարակը հայկական ճարտարապետական ավանդույթների և արդիական քաղաքաշինական մտքի ներդաշնակ համադրության բացառիկ օրինակ է։
Ծրագրի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ներկայացվում է նաև հայկական ավանդական տարազների ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 29-ին նախատեսված է հոբելյանական համերգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։









